Լրահոսումս նկատում եմ ուկրաինյան իրադարձությունների սարսափելի դաժան տեսանյութեր: Ընկերներիս մի մասը դնում է աչքը հանած բերկուտցու մասին նյութը և ասում, թե ըմբոստները մարդ չեն, դաժան կենդանիներ են, մյուս մասը դնում է գնդակահարված ընդդիմադիրի մասին նյութ' նույն մեկնաբանությամբ:
Կարծում եմ, անհրաժեշտություն կա բացատրության, թե ինչ է տեղի ունենում մարդու հետ, երբ նա հայտնվում է այդպիսի իրավիճակում, ինչպիսին Ուկրաինայում է:

 


Չեմ սիրում ամբոխ բառը, բայց խուսափել չի լինի: Երբ մարդը դառնում է ամբոխի մի մասնիկ, նա կորցնում է իր վրա հսկողությունը: Նա ենթարկվում է ամբոխին, դառնում է անդեմ, սնվում է համընդհանուր էներգիայով, առանց որի, ի դեպ, իրեն վատ է զգում (օրինակ, եթե որոշ ժամանակով տուն է գալիս): Դու այլևս դու չես: Հատկանշական է, որ հետո, երբ իրավապահները ցույց են տալիս իր կողմից արված գազանության կադրերը, մարդը իրեն դժվարությամբ է ճանաչում, ասում է, թե չի հիշում ինչպես եղավ, որ գնաց նման դաժանության: Նույն օրենքը գործում է, ի դեպ, թե ռազմի դաշտում, թե նաև "բարի" միջոցառումներին, ինչպիսին օրինակ համերգն է: Համերգների դեպքում մի փոքր այլ է, բայց կրկին գործում է ամբոխային տրամադրությունը և գործելաոճը:
Լավ կազմակերպիչ է նա, ում հաջողվում է ստեղծել այդ էներգետիկ դաշտը, որը կլանում է անհատին' դարձնելով նրան կառավարվող տարր...

 

 

Իզաբելլա Աբգարյան