Կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրը մեծ հաշվով քննարկվում է իշխանությունների հանդեպ անվստահության համատեքստում: Խնդիրը, սակայն այլ կարևոր կողմեր, հատկապես վտանգներ ունի: Նախ՝ անվստահության հարցը: Իշխանության հանդեպ անվստահությունը ներդրվել է անկախ Հայաստանի՝ երեք փաստացի նախագահների ձևավորած երեք իշխանությունների կողմից էլ: Նախագահներից ոչ մեկի հայտարարությունների և աշխատանքի փաստացի արդյունքների միջև համադրելիություն չի եղել ու չկա:

 

 

Առաջին նախագահի իշխանության ժամանակ թալանվեց ազգային հարստության զգալի մասը, իսկ մասնավոր ունեցվածքը, նախ և առաջ դրամական խնայողությունները նախ թալանվեց դեռևս ռուբլու արժեզրկման ընթացքում: Մինչև արժեզրկման հայտարարումը, ըստ խնայդրամարկղերի աշխատողների, դրանք փաստացի փակվեցին քաղաքացիների առաջ և մի քանի օր ՛՛որոշ մարդիկ՛՛ իրենց ֆինանսական ահռելի միջոցները հասցրին վեր ածել դոլարի ու դուրս հանել խնայդրամատներից, որից հետո նոր հայտարարվեց դրամի արժեզրկումն ու քաղաքացիների բանկային խնայողությունների վերածումը անապատային ավազի: Դրան հաջորդեց ՛՛վաուչերային սպեկուլյացիան՛՛, որի ընթացքում տեղեկություններ չունեցող քաղաքացիների վաուչերները կուտակվեցին հիմնականում այդ նույն ՛՛որոշ մարդկանց՛՛ ձեռքին: Սահմաները փակ Հայաստանում սպառման այլ շուկա չունեցող գյուղատնտեսական մթերք արտադրողները մի քանի տարում հյուծվեցին՝ օգնելով սոված քաղաքացիներին և ավելի ՛՛տռզացնելով՛՛ ՛՛որոշ մարդկանց՛՛ դրամապանակը: Ապա հաջորդեցին ՛՛բանկային փուչիկները՛՛, այդ թվում՝ Համաշխարհային բանկից վերցված էժան վարկերը բանկերի միջոցով թանկ վերավաճառելը կամ պարզապես ՛՛որոշ մարդկանց՛՛ նվիրաբերելը: Այդ վարկերի մարման պարտավորությունն ընկավ ՀՀ սնանկացած քաղաքացիների ուսերին: Այդ տարիներին ներդրվես ՛՛սերունդների համերաշխության՛՛ բարձրագոչ անունով կենսաթոշակային համակարգը, զուգահեռվելով ՀՀ-ի արտադրական ձեռնարկությունների հաստոցները որպես մետաղ արտահանելու և մասնավոր յուրացումների՝ բոլորի աչքի առաջ կատարվող թալանով:

 


ՀՀ երկրորդ իշխանության շրջանում փաստացի իշխանության շրջանի ամենաբնորոշ տնտեսական քաղաքականությունը՝ ՛՛ինչ գնով ուզում է լինի՝ ազգային բուրժուազիայի ձևավորում՛՛: Թիվ մեկ ՛՛ազգային բուրժուան՛՛ պետք է լիներ գործող նախագաը՝ իր ֆավորիտներով ձևավորելով երկրորդ /Միկա Բաղդասարով, Գագիկ Ծառուկյան, Մայրապետյան.../ երկրորդ շերտը: Քոչարյանի անձնական ահռելի ջանքերը ՛՛Հայկական ավիաուղիները՛՛ սնանկացնելու և դուրս նետելու ուղղությամբ ընթանում էր ՛՛բաց տեքստով՛՛, նախագահն ինքն էր անձամբ մասնակցում այդ գործին, նույնիսկ՝ հեռուստաելույթներով: Հեղուկ գազի վերավաճառքը կուտակվեց այլ ՛՛մի շարք մարդկանց՛՛ ձեռքին: Սկսվեց մարդկանց իրենց սեփական տներից վտարելու և ՛՛պետական կարիքների համար՛՛ ՛՛ազգային բուրժուազիան՛՛ ձևավորելու նոր ճակատի բացումը: ԵՐկրորդ Սահմանադրությամբ իրավականացվեց տնտեսության մոնոպոլիզազացիայի իրավունքը:

 

Իբրև ՛՛արդյունաբերական՛՛ ազգային բուրժուազիան՛՛ ձևավորվեց՝ երկրորդ գործող նախագահի թեթև ձեռքով ուղղակի և գռեհիկ պայքար սկսվեց մանր հողատերերի դեմ՝ նրանց հակադրելով ՛՛էժան պահուստային հողերի՛՛ կուտակումով գյուղական կալվածատերերի շերտի ստեղծումը: Նրանց բոլորին շատ, շատ փող էր պետք, որը չէին կարող քամել արդեն լիովին սնանկացած Հայաստանի քաղաքացիներին, և այդ փողը լի ու լի առաջարկում էին Համաշխարհային բանկն ու Համաշխարհային միջազգային արժույթի հիմնադրամը: Զանազան ՛՛բարեփոխումների՛՛ անվամբ վերցվող էժան վարկերը կրկին որպես պարտք դրվեցին ՀՀ քաղաքացիների վտիտ ուսերին, և բաշխեցին ՛՛բուրժուաների՛՛ միջև: Շրջափակված Հայաստանի մանր-մունր ապրանք ներկրողների առաջ փակվեցին բոլոր ճեղքերը՝ հանուն նույն այս տխրահռչակ ՛՛ազգային բուրժուազիայի՛՛: Այս ՛՛փառապանծ՛՛ գործունեությունը նոր ոլորտներ էր փնտրում, բայց վերջացել էր ՛՛բուրժուազիա ձևավորողի՛՛ նախագահության պաշտոնական ժամկետը:

 

 


Երրորդ նախագահի ՛՛հիմնական ներդրումը՛՛ մասամբ ՛՛որոշ մարդկանց՛՛ կուտակածի վերաբաշխումն էր, մասամբ՝ կուտակածի արտահանումը: Այս նախագահի գործունեության ընթացքում ՛՛խոպանի փողերը՛՛ դարձան ՀՆԱ-ի մեկ երրորդը, Հայաստանը հաջողությամբ վեր ածվեց առևտրային մի մեծ խանութի՝ մի մեծ ՛՛մոլի՛՛, որտեղ վաճառվում է ամեն ինչ՝ հանք, միտք, մարդ, ուսում, պատիվ, բարոյականություն, ազգային ունեցվածքի վերջին փշրանքները՝ շենքեր, շուտով նաև ամբողջ փողոցներ կվաճառվեն...

 


Հիմա՝ պարտադիր կուտակային այլ վտանգների մասին: ՛՛Սոցիալական համերաշխության՛՛ փուչիկն արդեն իսկ պայթել է, ՛՛որոշներն՛՛ արդեն սոցիալական համաձայնություն չեն ուզում, ուզում են շատ, հենց հիմա, հենց այստեղ: Ախր շատ գայթակղիչ է, մնացած ամեն ինչից բացի էլ՝ կան բացված հիմնադրամները, որոնք օր առաջ եկամուտ են ուզում: Տնտեսություն չկա, առևտուրը դանդաղում է, ՛՛խոպանի՛՛ փողերով գնվում է գլխավորապես մթերքը, գազը, էլեկտրականությունը, ՛՛խոշոր փողերը՛՛ դուրս են հոսում օֆշորներով, բանկերն այլևս չեն ուզում ՛՛ֆինանսավորել՛՛ հեռանկար չունեցող անմիտ ՛՛բիզնես ծրագրերը՛՛: Փակ սահմաններով ահռելի փաստացի աղքատության երկրում, որտեղ աշխատողը ՛՛խոպանում է՛՛, իսկ իրական գործազրկությունը՝ անչափելի, ՛՛պարտադիր՛՛ կենսաթոշակային վճարի իրականացնողը՝ գործատուն, գործազուրկները, գյուղացիությունը և ՛՛խոպանչին՛՛ վաղը չեն ստանալու նույնիսկ այն նվազագույն փշրանքը, որ չգիտես ինչու թոշակ է կոչվում:

 

Նրանք կամավոր չեն ներդնելու, չունեն էլ՝ որպեսզի ներդնեն, և վաղը ահռելի սոցիալական պայթյունի խնդիր է լինելու: Ի՞նչ են ասելու այդ մարդկանց՝ սովից մեռե՞ք: Եվ երբ իսկապեց սովից մեռնեն, ընթացիկ գործող իշխանություններն ասելու են՝ ՛՛կուտակայիններ ջան, մենք չենք կարող թույլ տալ սովից մեռնել մեր հայրենակիցներին, եկեք ձեր վճարած և կուտակված թոշակների մի մասը ՛՛սոցիալական համերաշխության՛՛ սկզբունքով տանք այս մարդկանց: Ըմբոստացողներին կմեղադրեն դաժանության մեջ, մի քիչ ուժ կգորխադրեն, մի քիչ կվախեցնեն, մի քիչ քարոզներ կկարդան, և... կկիսեն: Կասեն՝ լավ, գոնե ձեր թոշակներին ՛՛բյուջեյի մասով ավելացվածը՛՛ տանք այս սոված քաղաքացիներին: ՍԱ՝ լավագույն դեքում, եթե ՛՛կուտակայինի՛՛ հիմնադրամները մեզ արդեն ծանոթ սխեմաներով խիստ կանխատեսելիորեն ՛՛չպայթեն՛՛ անխոհեմ ՛՛բիզնես ծրագրերով՛՛: Հետն էլ՝ ՛՛արտոնյալ թոշակների՛՛ հարցը կա՝ ոստիկանությանը, կադրային զինվորներին, հին ու նոր պատգամավորներին, դատավորներին... Հիմա էլ Սահմանադրական դատարանն է իր անդամների ՛՛վայելուչ ծերությունը՛՛ ապահովում: Այն մարդկանց հաշվին, ում դեմ անընդմեջ գործել է

 

: Եվ իրավունք ունի,-ռեժիմին հավատարմությունը պետք է խրախուսվի: Մեր այս փոքրաթիվ բնակչությամբ երկրում ՛՛արտոնյալների՛՛ թե թիվն է մեծ, թե, ի դեպ, արտոնությունների հիմնավորումն է տագնապեցուցիչ: Է, բարձր աշխատավարձ եք տալիս՝ Ձեզ ծառայում են, բա ինչու՞ լրացուցիչ արտոնություններ: Թող իրենք ապահովեն իրենց ծերությունը: Ի դեպ, իշխանությունների համար ՛՛կուտակային կենսաթոշակային համակարգ՛՛ կոչվողը խոստում էր ԵՄ-ի անդամակցության հեռանկարում, ՛՛Խորը և համապարփակ առևտրի՛՛ շրջանակներում: ԵՄ-ի ու ՛՛Խոր ու համապարփակի՛՛ վրա խաչ քաշվեց, ՛՛կուտակայինը՛՛ մնաց:

 

 

Հրանուշ Խառատյան