Այսօր առավոտյան Վիենայում հերթական անգամ հանդիպել են «5+1» ձևաչափի երկրների և Իրանի պատվիրակությունները (փոխարտգործնախարարների մակարդակով), որի նպատակն է նախորդ տարի ժնևյան համաձայնագրով հաստատված կետերին համապարփակ և վերջնական լուծումներ առաջարկելը: Ինչպես և նախատեսվել էր, բանակցությունները կարող են երեք օր շարունակվել:

 

 

Առնվազն տարօրինակ է, որ ընթացիկ բանակցությունների օրակարգում հայտնվել են խնդիրներ, որոնք 2013թ. նոյեմբերի 24-ին Ժնևում նույնիսկ չեն էլ քննարկվել, օրինակ՝ Իրանում մարդու իրավունքների խնդիրը և իրանական բալիստիկ հրթիռների արտադրության հարցն՝ այդպիսով անորոշ թողնելով «ժնևյան համաձայնագրով հաստատված կետերին համապարփակ և վերջնական լուծումներ առաջարկելու» վերաբերյալ հնչած հայտարարությունների իմաստը: Փաստորեն, օրակարգում կան հարցեր, որոնք թեև անմիջական կապ չունեն ԻԻՀ միջուկային ծրագրի հետ, բայց կարող են ուղղակիորեն խոչընդոտել միջուկային հարցում Իրան-Արևմուտք վերջնական փոխհամաձայնությանը:

 

 

Ակնհայտ է, որ ցայժմ Իրանի և Արևմուտքի միջև հարաբերություններում գերխնդիր է հանդիսացել փոխվստահության բացակայությունը: Բավական է միայն նկատել, որ երկկողմ յուրաքանչյուր հանդիպումից հետո երկուստեք հնչել են հայտարարություններ, որոնք, մեղմ ասած, չեն բխել ձեռք բերված պայմանավորվածությունների «բարյացակամ» ոգուց: Թե որքանով է ընթացիկ բանակցությունների օրակարգը լրացնում Իրանի և Արևմուտքի միջև փոխվստահության բացը, երբ մի խնդիր չլուծված, գումարվում է երկրորդը, երրորդը, դա էլ քիչ է, փորձ է արվում բոլոր խնդիրները միևնույն հարթության մեջ ներկայացնել և քննարկել, լուրջ մտորումների տեղիք է տալիս:

 

 

 

Ռուդիկ Յարալյան