«Եկեղեցի» բառը երկու գլխավոր իմաստներով է գործածվում, որոնցից առաջինն Աննյութական Եկեղեցին է կամ Քրիստոսի Մարմինը, որի գլուխն Ինքը' Քրիստոս է, իսկ հավատացյալներն այդ հոգևոր շինության կենդանի քարերն են, իսկ երկրորդը նյութական եկեղեցին է կամ տաճարը, որը կոչվում է «Աստծո Տուն» կամ «Աղոթքի տուն»: Եկեղեցիների շինությունն առանձին մի ծիսակարգով է սրբագործվել, ինչից հետո այդ կառույցն ստացել է իր հատուկ անունը և դարձել սրբավայր: Եթե որևէ աշխարհիկ հաստատություն ներկայանալիս այցելուներից պահանջվում է վարքագծի, հագնվածքի և այլ պահանջներ, ապա որքան առավել պետք է որոշակի կանոնների հետևեն եկեղեցի մտնողները, որովհետև Տիրոջ սրբազան տաճարն են մտել:


Եկեղեցի մտնելիս պետք է խաչակնքվենք. իսկ արդեն ներսում պետք է խոնարհվենք և խաչակնքվենք Սուրբ Սեղանի առջև' հիշելով, որ այնտեղ խորհրդաբար և էապես ներկա է Աստված, և աղոթել: Խաչակնքվելը կարևոր նշանակություն ունի մեզ՝ քրիստոնյաներիս համար, որովհետև այն ամենակարճ դավանանքն ու ամենակարճ աղոթքի տեսակն է, որով հիշում ենք, որ մեր Տերը խաչի վրա պատարագվեց մեր փրկության համար: Հայ Եկեղեցում առկա ավանդույթի համաձայն՝ եկեղեցում աղոթում են կանգնած կամ ծնրադրած, իսկ աղոթքը երբեմն ուղեկցվում է խոնարհումներով և երկրպագություններով: Ըստ սուրբ Գրիգոր Տաթևացու' ծնրադրել նշանակում է մեր ամբողջ կյանքը և կամքը, այսինքն' մեր մարմինն ու հոգին, Քրիստոսին ի հնազանդություն հանձնել: Երբ մարմինդ չարչարում ես աշխատությամբ՝ այնժամ չար խորհուրդը փախչում է քեզնից, և արտասուքն ու ծունր իջնելն աղոթքն ավելի հաճելի են դարձնում:


Հարկ է եկեղեցի մտնել պատշաճ, վայելուչ և մաքուր հագուստներով, տղամարդիկ' գլխաբաց, իսկ կանայք' գլխաշորով' ըստ Պողոս առաքյալի հրամանի (Ա Կորնթ. 11: 4): Երբեք չպետք է եկեղեցի մտնել ոչ վայելուչ' կարճ և բաց հագուստներով: Խստիվ արգելվում է այդպիսի հագուստով եկեղեցում երևալը, քանի որ մտնելուց առաջ մենք պետք է գիտակցենք, որ Աստոծո ներկայության առջև ենք կանգնելու: Հոգևորականի հանդիպելիս պետք է հարգալիր գլուխ տալ' թեթևակի խոնարհվելով: Եկեղեցում չի կարելի զրուցել և տեղից տեղ անցնել: Պետք է եկեղեցի գնալ մինչև արարողությունների և, հատկապես, մինչև սուրբ Պատարագի սկսվելն, իսկ ուշանալու դեպքում մտնել անաղմուկ և առանց ներկաներին խանգարելու տեղ գրավել:

 


ՀԱՎԱՏԱՄՔ