Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի յոթերորդ օրվա ավարտին՝ Գերմանիայի մարզիկները նվաճել են ամենաշատ թվով ոսկե մեդալներ՝ յոթը։ Գերմանացիների ակտիվում են նաև երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալներ։
Չորսական ոսկե մեդալներ ունեն Կանադայի, Նորվեգիայի, Նիդերլանդների ու ԱՄՆ–ի մարզիկները։
Կանադացիներն ունեն նաև չորս արծաթե, երկու բրոնզե, սկանդինավները՝ երեք արծաթե, վեց բրոնզե, հոլանդանցիները՝ երեք արծաթե, հինգ բրոնզե, ամերիկացիները՝ երկու արծաթե, վեց բրոնզե մեդալներ։
Այս պահին խաղարկվել է 114 մեդալ, 24 երկրների մարզիկներ արժանացել են մեդալների։
Ի դեպ, այսօր կայացել են կանանց դասական դահուկավազքի՝ 10 կմ մրցատարածության մրցումները, որին մասնակցում էր նաև Հայաստանը ներկայացնող մարզուհի Կատյա Գալստյանը:
Հայ մարզուհին ցույց է տվել 35 րոպե և 26, 4 վարկյան արդյունք, 75 մասնակիցների մեջ զբաղեցնելով 64-րդ հորիզոնականը:

 


Եվ վերջում՝ ոչ հաճելի մեկ լուր։ Օլիմպիական խաղերի ռուս մասնակից Եվգենի Պլյուշչենկոյին այսօր մրցավարները թույլ չեն տվել ելույթ ունենալ։ Ոչ վաղ անցյալում մեջքի 12 վիրահատության ենթարկված գեղասահորդը անհատական մրցման նախավարժանքի ժամանակ ցավեցրել է այն։ Պլյուշչենկոն մեջքը բռնած մոտեցել է մրցավարներին. որոշում է կայացվել նրան դուրս թողնել մրցումից:
Տեղի ունեցածից հետո գեղասահորդը հայտարարել է, որ ավարտում է իր կարիերան։

 

 

 

Սուրեն Սուրենյանց