ԵՐԲ ԿԱՐԴԱՑԻ ՎԱՐՈՒԺԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ «ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՄԵԾՆ ԿՈՎԿԱՍԻ» ՎԵՊԸ

Առաջին իսկ տողերից հայտնվում ես իրադարձությունների կենտրոնում, եռաչափ, ավելի ճիշտ' բազմաչափ տարածության մեջ: Տեսնում ես բոլորին միաժամանակ, բոլորը տեսնում են քեզ, հերոսներին ճանաչում ես, նրանք ճանաչում են քեզ: Խորհրդավոր մի աշխարհ, բառաշխարհ, հզոր տպավորությունները սրտիդ են իջնում, մտքերիդ են հյուսվում պատկերների ցնցող հրավառությամբ: Շունչդ կտրվում է բառաշխարհի երանության վայելքից, ապշեցուցիչ մանրամասների նկարկեն նկարագրությունից:
Իրադարձությունների ձայնը, շշուկները, բնանկարը, երաժշտությունը, շարժումը, պատկերը զգում ես որպես մասնակից: Զգում ես բառերի կախարդանքի միջոցով: Ընթերցողն իրեն զգում է հեռու և մոտիկ պատմության ժամանակակիցը: Թվում է' ինքն էլ կարող է փոխել այդ պատմության դեպքերը, այնքան կախարդական է վեպի կենդանի շունչը: Մտքերը, ծեսերը, իրադարձությունների միֆականացումը, օրը, տարին ու դարը, ժամանակի ձայները' հեշտանքի հևոցներից մինչև տիեզերական համանվագ, ներկայացվում են անզուգական պատկերներով, մտքի նրբագույն բանաձևումներով, խոսքի կախարդանքով, հայոց լեզվի պայծառությամբ ու պերճանքով:
Պարզապես վայելք է այս վեպի ընթերցումը, շնչահեղձ ես լինում ընկալման հրճվանքից, զարմանում ես գրողի նրբիմացությունից, հիանում ես գրողի վարպետությամբ:
Ես գրականագիտական որևէ գնահատական չեմ տալիս վեպին. դա գրականագետների գործն է: Պարզապես ներկայացնում եմ իմ տպավորությունները վեպն ընթերցելուց:
Խոր են ձևակերպումները, նրբաճաշակ, մտքի ու ձևի նրբագույն ներդաշնակությամբ հագեցած, սարսուռով ընկալելի, սրտով կլանվող, մտքով մարսելի:
Վեպում կերպարներ են անձրևն ու ծառը, տղամարդու սերմն ու կնոջ հեշտանքը, առաջնորդներն ու աղանդավորները, ձայնն ու գույնը, գիր ունեցողն ու բանավորը, լռությունն ու գիշերը և այլն: Դրանք այնքան շոշափելի ու դիպուկ են ներկայացված, այնքան ուժգին թափով ու ներշնչանքով են կերպավորված ու մատուցված, որ քամին ու խազարների առաջնորդը հերոսներ են վեպի' նույնքան կենդանի և ընկալելի:
Թվում է' հնարավոր չէ, որ ամբողջ վեպը գրված լինի այսպիսի հզոր ներշնչանքով, թվում է' ուր որ է կսպառվի կախարդանքը և «սովորական» կդառնա: Սակայն մինչև վերջ կարդում ես հափշտակությամբ ու զարմանում, որ մարդ կարող է այսպես գրել:
Կարծես մի աներևույթ էություն գրողին թելադրել է այս վեպը և սիրո՛վ է թելադրել. կարծես մի աշխարհ է արարել' քեզ ծանոթ և անծանոթ միաժամանակ:
Լավ գրողներ կան Հայաստանում, որոնց կարդում ես ու լռում: Սա այն դեպքն է, երբ կարդում ես ու չես կարող լռել:

 


ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ, 2013, <9-րդ հրաշալիք>, թիվ 568