Ադրբեջանցի լրագրողները, խոսելով այդ երկրում սալաֆիական վտանգի մասին, որպես «հուսադրող» փաստ, բերում են սալաֆիականների մոտ 50 հազար թվաքանակի առկայությունը և պնդում, որ այդ թիվն ըստինքյան վտանգ չի կարող ներկայացնել:

Թողնելով այս դրույթի ակնհայտ վիճելի լինելու հանգամանքը, պետք է նշել, որ Արևմուտքում արդեն իսկ հստակորեն գիտակցում են իսլամիստական իրական վտանգի առկայությունն Ադրբեջանական Հանրապետությունում:

Հավանաբար նաև այս համատեքստում պետք է դիտարկել էթնիկ-տարածքային ինքնավարությունների միջոցով այդ երկրի ֆեդերալացմանն ուղղված արևմտյան որոշ հասարակական-քաղաքական շրջանակների վերջին գործողությունները համաեվրոպական կառույցների հարթակների օգտագործմամբ:

Խոսքը մասնավորապես այս տարվա փետրվարի 19-ին Բրյուսելում կայանալիք Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը նվիրված քննարկման մասին է, որի վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ները երեկվանից սկսած տեղեկատվություն և մեկնաբանություններ են տարածում՝ հատկապես զայրացած լինելով Թալիշ-Մուղանյան Հանրապետության նախագահ Ալաքրամ Հումմատովին այդ քննարկմանը հրավիրելու առթիվ:

Տարօրինակ է միայն մի բան: Արևմուտքում շատ լավ տեղյակ են, որ Արցախի Հանրապետությունն ակնհայտորեն չի կարող անմիջական մասնակիցը լինել Ադրբեջանի ֆեդերալացման գործընթացին, քանի որ այդ արհեստածին կազմավորման մաս երբևիցե չի եղել և չի էլ պատրաստվում լինել, ուստի Արցախի՝ որպես ապագա Ադրբեջանական Դաշնության մաս հնարավոր ինքնավարություններից մեկի նույնիսկ տեսական դիտարկման փորձն իսկ ուղղակի անլուրջ է:

Իսկ եթե խոսքը հարևան պետությունների մասնակցության մասին է, ապա Հայաստանի Հանրապետության ներգրավվածությունը թալիշական, թաթական, լեզգիական և ավարական ինքնավարությունների կազմավորման գործընթացին շատ ավելի օգտակար կարող է լինել՝ հաշվի առնելով Արևելյան Այսրկովկասում էթնիկ զարգացումների վրա ազդելու Երևանի անհամեմատ ավելի մեծ հնարավորությունները, ինչն առավել արդյունավետ կդառնար եվրոպական օժանդակության պայմաններում:

Ընդ որում, Արևմուտքում պիտի ընկալելի լինի նաև այն, որ Ադրբեջանի ֆեդերալացմանը Հայաստանի Հանրապետության հնարավոր մասնակցությունն արդեն իսկ լուրջ զիջում պետք է համարվի, քանի որ, օրինակ, թալիշ հասարակական-քաղաքական շրջանակները հիմնականում պահանջում են ոչ թե Թալիշստանի ինքնավարացում, այլ լիարժեք անկախություն:

 

 

Վարդան Ոսկանյան