Զարմանալի տղա էր Արսենը: Մեկ ուրիշն ինչքան ջանք պետք է գործադրեր, որ ծանոթ տղաներն իր հետ ընկերանային, ընկերները՝ մտերմանային: Արսենն առանց ջանք գործադրելու ձգում, շուրջն էր հավաքում թե՛ բակի տղաներին, թե՛ դասընկերներին, իսկ հետո նաև ուսանողական ընկերներին:

Որքան էլ Հովսեփը փորձում էր եղբորը նմանվել և առանց ջանքերի իր շուրջը հավաքել, միևնույն է չէր հաջողվում: Երբ գյուղ գնալ, պապի այգին մշակել, ջրել, խնամել էր պետք լինում, Հովսեփը գլուխն առնում մեն-մենակ գնում էր գյուղ ու անցնում գործի: Շատ չանցած ճամփեզրին
կանգնում էր ավտոբուսն ու Արսենն ընկերների հետ խինդ ու ծիծաղով հորդում էր պարտեզ և երեկոյան տուն էին դառնում տասն օրվա գործը մեկ օրում ավարտած: Եվ ամենաառեղծվածայինն այն է, որ Արսենի բոլոր ընկերներն այսօր Հովսեփի ամենամտերիմ ընկերներն են: Դա էլ ավագ եղբոր թողած ժառանգությունն է կրտսեր եղբորը: Հիմա Հովսեփն արդեն մի տեսակ Արսեն է դարձել և առանց ջանք գործադրելու դեպի իրեն է ձգում եղբոր բոլոր ընկերներին: Կամ գուցե ընկերներն են ձգվում դեպի Հովսեփը՝ նրա մեջ տեսնելով իրենց այնքան սիրելի, այնքան հարազատ, այնքան անփոխարինելի ընկերոջը՝ Արսենին: Հիմա շատ-շատերն իրենց օջախում փոքրիկ Արսեններ ունեն. և՛ եղբայրը՝ Հովսեփը, և՛ քույրը՝ Իզաբելան, և՛ դպրոցական, և՛ ուսանողական ընկերները, սակայն ավագ Արսենը, նա, որ առանց ջանքերի դեպի իրեն է ձգում մարդկանց, կապում, առինքնում ոչ մոլորեցնելու, այլ իր ներկայությամբ լցնելու, իմաստավորելու, գույն ու բույր տալու իր հետ անցկացրած ամեն վայրկյանին, այդ Արսենն այլ էր:
Այ այդ Արսենին հանդիպեց Աննան 1981 թվականի սեպտեմբերի 22-ին Պոլիտեխնիկական ինստիտուտի էներգետիկայի ֆակուլտետում և առանց սեթևեթելու ենթարկվեց հրապուրիչ, առնական երիտասարդի ձգողական ուժին և 4 տարի անց, ճիշտ նույն սեպտեմբերի 22-ին դարձավ նրա կինը....

Առաջին մարտն Արսենն անցկացրեց հոր որսորդական հրացանով, կինն այդ մասին ոչինչ չգիտեր, սակայն եթե իմանար էլ, չէր տրտնջա, չէր դժգոհի, քանզի իր ամուսինը պարտավոր էր իր զավակների, իր հարազատների և Հայրենիքի անվտանգությունն ապահովել: Ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ նա: Եվ կինն անտրտունջ ճանապարհում ու դիմավորում էր ամուսնուն առանց ընթադրելու, որ շատ հաճախ գնդակն անցնում է նրա քունքերի մոտով... Բայց մի անգամ, հենց իր ծննդյան օրը, երբ նա ծաղկամանի մեջ էր տեղադրում ծաղկեփունջը, սիրտն անասելի տնքոցով նվվաց ու նա ծաղկամանը ցած նետեց: Հետո, մի քանի ժամ անց պարզվեց, որ հենց այդ պահին թշնամու գնդակն է սուրացել Արսենի քունքի մոտով այնքան մոտ ու շոշափելի, որ հրաշքով է ողջ մնացել: Պատմում է կինն ամուսնու սխրագործությունների մասին այնպես, կարծես ամեն ինչ հենց այդպես էլ պիտի լիներ, Արսենը պետք է Հայրենիքը պաշտպաներ, պետք է մի ոտքը սահմանում, մյուսն ընտանիքում պահած բոլորի կարիքները հոգար, պետք է շատ փոքր խմբերով ռազմական մեծ ձեռնարկներ իրականացներ, պետք է խաբեր թշնամուն այնպես, որ նա ուժերը կենտրոնացներ ոչ այնտեղ, որտեղից գալու է կործանիչ հարվածը, պետք է....

Ինչքան շատ բան կարող էր անել և պետք է աներ Արսենը: Աննան լավ գիտեր այդ մասին, բայց հետո, շատ հետո, երբ Կնաբերդ գյուղում հուշարձան կանգնեցվեց վասն Հայրենյաց նահատակների, Աննան ոչ միայն հուզմունքից, այլև զարմանքից քարացավ. Արսենն ու ընկերները գյուղն ու մեր սահմանները պահել են անմարդաբնակ ձորապռնկին անհավանական թվացող դժվարություններ հաղթահարելով:
Մի մեծ երազանք ուներ Արսենը՝ ունենալ 7 տղա ու վերջում մի աղջիկ, անունը Լուսինե, ի պատիվ իր Լուսաբեր հորաքրոջ, որին Արսենի բոլոր ընկերներն են հորաքույր ասում:

Սակայն միայն Խորենն ու Լևոնը ծնվեցին, իսկ նրանց հայրն իր հերոսական, մարդկային անթերի նկարագրով, բարությամբ, աշխատասիրությամբ, ընկերասիրությամբ ու հայրենասիրությամբ դարձավ պատմություն ու պայծառ մի հուշ, որ արթուն է մնում նոր ծնվող Արսենի հետ՝ դառնալով Արսենյան մի զորաբանակ...