Ռազմիկ Շահինյան, 1982թ. Ծնված. Հոջկինի լիմֆոմա

 


Միշելը իմ ընկերն է, իմ բարեկամը: ՄԻշելը հիմա շատ, շատ վատ է, ու մեկնում է բուժվելու արտասահման, այն էլ առանց որեւէ գումարի: Մեկնում է բժշկական ապաստան խնդրելու, գնալու է ու ասի' “Փրկեք ինձ”: Միշելի պատմությունը յուրահատուկ պատմություն է, քանի որ ՄԻշելի անունը Ռազմիկ Շահինյան է: Իրենից լավ ոչ ոք այդ պատմությունը չի պատմի:

 


Իմ պատմությունը սկսվում է նրանով, որ այս պահին նստած իմ ընկերուհու տանը, պրիմիտիվ ցավազրկողների ազդեցության տակ կիսվում եմ ձեզ հետ: Ինձ համար անհայտ պատճառներով ծնվել եմ որպես տրանսգենդեր: Այդ տերմինն ունի հստակ բացատրություն, բայց ոչ իմ երկրում: Առհասարակ դա նշանակում է տեղափոխված սեռ, իմ երկրում' օտար, պիղծ, կեղտոտ, աննորմալ…

 


«Իմ անունը Միշել է, ես եմ կնքել այդ անունն ինձ վրա, նախընտրել եմ այդ անունը, քանի որ այն անսեռ է, ինչպես եւ ես: Մեծացել եմ ամենասովորական եւ ավանդական ընտանիքում, լսելով միշտ ինչպիսին ես պետք է լինեմ որպես տղամարդ: Տարիքիս հետ դաստիարակությունը եւ արտաքին աշխարհի ազդեցությունը թունավորելով ինձ սարքեցին հնարավորինս պարփակված, բարդույթավորված մարդ: Ստիպված վարում էի երկակի կյանք, ամեն քայլս, ամեն խոսքս կշռադատելով ու հսկելով, որպեսզի ցավ չպատճառեմ նահապետական ընտանիքիս, ընկերներիս, հարազատներիս…
Մի օր ինչ-որ բան պայթեց, տարածվելով ավշահանգույցներիս վրա, առաջացնելով Հոջկինի լիմֆոմա: Բախումն իրականության հետ ավելի դաժան դարձավ հատկապես ամեն անգամ բուժհաստատություններում խտրական ու կարեկցազուրկ հայացքներն ու վերաբերմունքը ինձ վրա զգալով: Ամեն դեպքում ստացա ինձ հասնող անվճար բուժօգնությունը, որի համար շատ շնորհակալ եմ իմ երկրին:

 


Հիվանդությունն անցավ, բայց քաղցկեղը սնող նախապայմանները մնացին: Եվ արդյունքում, երեք տարի անց հիվանդությունը գլուխ բարձրացրեց կրկին, այս անգամ արդեն ավելի բարդ փուլով:
Նորից սկսեցի բուժում, այս անգամ ոչ արդյունավետ, եւ ավելի մեծ տհաճությամբ: Մազերիս երկարության պատճառով մարդկային հայացքներն էլ ավելի անտանելի էին դառել, ես ուղղակի լուռ օգտվում էի իմ ամբուլատոր բուժումից: Վիճակս ավելի սրացավ 2010թ. աշնանը, արդեն ուզում էի հրաժարվել բուժումից, երբ բժշկուհիս ինձ համար գտավ հրաշք քիմիաթերապիայի տարբերակ' պերօրալ օգտագործման, որը կարող էի իրականացնել տանը, առանց հիվանդանոց հաճախելու: Հիվանդանոց գնում էի միայն հետազոտվելու' կուրացնելով աչքերս, խլացնելով ականջներս, իրականությունը չնկատելու ցանկությամբ:

 


Բայց երեք կուրս ընդունելուց հետո վիճակս մնացել էր անփոփոխ: Ամենասարսափելին տեղի ունեցավ այն ժամանակ, երբ հայրս որոշեց հետաքրքրվել իմ վիճակով եւ հանդիպեց բժշկուհուս, որը կիսվեց հորս հետ ավելի շատ ոչ թե լիֆոմայի, այլ իմ գենդերային խնդիրների ու անձնական կյանքի գաղտնիքների մասին: Եղավ այն, ինչ կլիներ ցանկացած հայ նահապետական ընտանիքում' ես մերժվեցի ընտանիքիս կողմից, մերժեցի բժշկուհուս ու իմ հիվանդության հետ մնացի միայնակ, առանց բուժման շարունակության…

 


Արդյունքում հիվանդությունն ավելի խորացավ, տարածվեց աճուկային շրջանում, մեծ կանգլոմերատների տեսքով, որոնք սեղմում են անոթներին ու նյարդերն, պարալիզացնելով ինձ. բարձր ջերմություն ոսկրացավերով: Հիմա պառկած անկողնում թելադրում եմ այս տեքստը ընկերուհուս, որի տանն ապրում եմ վերջին շրջանում, հուսալով, որ մոտ ապագայում կլքեմ իմ հայրենիքը Եվրոպայում ինտենսիվ եւ բարձր դոզաներով քիմիաթերապիա կստանամ, իսկ հետո' աուտոգեն տրանսպլանտացիա կանեն ինձ:

 


Միակ լուսավոր կետը հայրենական բժշկության ասպարեզում հանդիպումս էր վերջին օրերին, որը կայացավ շնորհիվ «կյանքն առանց ցավի» թեժ գծին զանգահարելուն, երբ հանդիպեցի պալիատիվ խնամքի բժշկուհուն' Նարինեին, որը կոմպլեքսային դեղօրայքյին նշանակումներով զգալիորեն նվազեցրեց ֆիզիկական ցավս: Մորֆին-սուլֆատի հաբեր ես բնական է, չստացա, քանի որ մեր կառավարությւոնը երկար է մտմտում այդքան անհրաժեշտ պալիատիվ խնամքի ծրագիրը հաստատելու նպատակահարմարությունը:

 


Հայրենիքս լքելու հիմնական պատճառը հայրենական բժշկության հանդեպ անվստահությունն է, բուժաշխատողների հոգեբանական անպատրաստվածությունը, բժշկական էթիկայի իսպառ բացակայությունը որոշ բժիշկների մոտ, որն անթույլատրելի է նման ծանր իրավիճակում գտնվող հիվանդների հետ հատկապես աշխատելուս, ու որ ամենակարեւորն է, ես չեմ կարող վստահ լինել, որ եթե ունենամ առավել ուժեղ ցավեր, ինձ կտրամադրվի լիակատար պալիատիվ խնամք, որպեսզի ես, առանց սրսկումների ինքնուրույն կարողանամ ստանալ ինձ անհարեժեշտ ցավազրկումը:

 


Եթե դու նման չես բոլորին, դա դեռ չի նշանակում, որ դու վատն ես, առավել եւս իրավունք չունես ապրելու»:
Միշելը ՀայաստանումՄիշելն այսօր գիշերը մեկնում է Ֆրանսիա, բարի ճանապարհ ու հաջողություն նրան:

 


25 հունիս 2012 Երեւան
Շարունակելի…