Վարդան Պետրոսյանը, ականջը կանչի, մի լավ սքեթչ ունի հավերի մասին։ Թակարդն ընկնելուց դասեր չքաղող ու նորից կուտ ուտող, թակարդն ընկնող հավերի մասին։ Կյանքը ցույց է տալիս, որ մարդիկ, հատկապես Հայաստանում, նույն խնդիրն ունեն ինչ հավերը։ Թակարդի մեխանիզմն էլ շատ չի տարբերվում։ Այն կազմված է․

ա - ԱԺ մեծամասնությունից, որը կոչվում է ՀՀԿ։ Դա կուտ ուտողի վրա փակվող, պարանով ամրացված, պարանը ձգողի կողմից փակվող տաշտն է։ Պարանը ձգողին մեծ խելք պետք չէ։ Բավական է ֆիքսել հավի տաշտի տակ հայտնվելու պահը և ձգել պարանը։ Մեխանիզմն աշխատում է անկախ նրանից, թե տաշտը կեղտոտ է, թե անորակ, գողացված, թե դեն նետված և անկախ նրանից, թե արդյոք կողքի բակերի ապրողները կամ ամբողջ գյուղը զզվում է այդ դույլից կամ ինչ մտածում։

բ - ընդդիմությունից, որի անունը տալու կարիք չկա։ Դա հենց տաշտի տակի կուտն է, որ այդտեղ է դրել պարանը ձգողը։ Կուտը պետք է գրավիչ լինի հավերի համար։ Հավը տեսնելով այդ կուտը պետք է մտածի, որ այն ուտելով կկշտանա և դրանով կհաղթանակի արդարությունը։

Հավն իհարկե ժողովուրդն է։ Հավ է, որովհետև չի գիտակցում, որ կուտը այդտեղ դրել է պարանը ձգողը, իրեն բռնելու, բմբուլից բարձ, իսկ դոշիկից ու բդիկից տապակա սարքելու ու խժռելու համար։ Մի կարծեք, թե հավը երբեք կասկածներ չի ունենում։ Բայց տեսնելով տաշտի տակ դրված կուտը, հավատում է, որ այս անգամ այնպես չի լինի ինչպես նախորդ անգամ, քանի որ կուտը իր ամբողջ էությամբ ասում է, որ տաշտը անպիտան է, որ այդպիսի անարատ կուտի գլխավերևի կեղտոտ տաշտը լեգիտիմ չէ, և պարանը ձգողը պետք է հեռանա։

Եվ նորից գնում է հավը կուտն ուտելու։ Բռնվում է հավը։ Իսկ կուտը մնալով պարարտ հողին, ծլում ծաղկում ու ցողուն է դառնում։ Ահա այսպիսի տխուր պատմություն։