Ուզու՞մ ես տեսնել ժողովրդի ապագան, նայիր նրա երիտասարդությանը (Գ. Նժդեհ):
Հայ երիտասարդը պարտավոր է խորապես, ճշմարտապես հարգել իր ազգային մշակույթը, ավանդույթները, քանզի օտարամոլությունը, որն արմատներ է գցել մեր կյանքի տարբեր ոլորտներում, սպառնում է մեր ազգային ինքնությանը և աստիճանաբար կործանում մեր Հայրենիքը: Որպեսզի հայրենասիրության կրակը վառ պահենք, պետք է սիրենք, սովորենք և սերունդներին փոխանցենք մեր հայրենասիրական երգերի հարազատ հնչյունները: Իսկ արդյո՞ք այսօր՝ այս շուկայական հարաբերություններում հայրենասիրական երգերը չեն կորցրել իրենց արդիականությունը: Չեն կորցրել և չեն կորցնի, քանի դեռ մենք չենք վերադարձրել մեր Կորուսյալ երկիրը: Հայրենասիրական երգերը կամուրջ են ներկայի և անցյալի միջև: Նրանք մեզ կապում են մեր նախնիների հետ: Նրանք մի նոր, ավելի հզոր սեր են արթնացնում հայերիս հոգիներում դեպի մեր հայրենիքը. չէ՞ որ այս երգերի շնորհիվ ենք կարողացել պայքարել, հաղթել ու ապրել: Զինվորները կռվի էին գնում զենքը ձեռքերին, երգը' շուրթերին: Ռազմական ու հայրենասիրական երգերը ոգևորում էին, ուժ էին տալիս ռազմի դաշտում: Արցախյան ռազմաճակատում մեր տղաները երգում էին ու այդ երգի մեջ կրակոցի հաղթական որոտ կար:
Հայրենասիրական երգերի շնորհիվ ավելի ճիշտ է ընկալվում երկրի հող ու ջրի, պետականության խորհուրդը: Սիրենք, սովորենք և փոխանցենք:
Աննա Հայրապետյան