Բանակում տեղի ունեցած հերթական ինքնասպանությունը մեծ ցավ պատճառեց ինձ, անհանգստություն ու տագնապ... Տղաս ծառայում է բանակում, նշյալ զորամասից ոչ շատ հեռու... Ցավակցությունս եմ հայտնում Վանիչկա Հովհաննիսյանի ծնողներին, քրոջը, չգիտեմ մխիթարանքի ինչ խոսքեր ասեմ... Բայց նաև զայրույթս չեմ կարողանում զսպել այն ,,մեկնաբանների,, և որոշ լրագրողների հանդեպ, ովքեր հերթական անգամ սկսեցին մեղադրանքներ տեղալ բանակի հասցեին... Միջանձնային հարաբերություններ, գողության մեջ կասկածանք... Այս ամենը մի քանի հոգու վատ դաստիարակության, տղայական ,,ինքնահաստատման,, հետևանք է, ինչը գալիս է տանից, դաստիարակության պակասից...

 

Ուզում եմ այս դեպքն էլ առիթ դարձնելով, առաջարկություն ներկայացնել մեր պաշտպանության նախարարին. գուցե ժամանակն է, որպեսզի մեր բանակում ձևավորվի հոգեբանների ինստիտուտը, զորամասերում հոգեբաններ լինեն, որոնք աշխատանքներ կտանեն զինվորների հետ, կօգնեն 18-20 տարեկան պատանիներին հաղթահարելու իրենց հոգեբանական բարդույթները: Միայն հոգեբանին կարող են պատանիներն իրենց խնդիրները ներկայացնել: Մի հանգամանք էլ. ժամանակ առաջ տիկին Մարգարիտա Խաչատրյանը-Մարոզը, շատ հուզվել էր, անգամ ասուլիս հրավիրեց ,,իմ դեմ,,... Հիմա էլ պնդեմ, նրա ղեկավարած հասարակական կազմակերպության խնդիրը չպետք է լինի ձևական այցերը զորամասեր, կաթսաների կափարիչները բացել-փակելը, զինվորների սպիտակեղենը ստուգելը... Բանակում վաղուց կերակուրների և սպիտակեղենի խնդիր չունեն:

 

Պետք չէ պոպուլիզմով և կեղծ հոգատարությամբ զբաղվել: Հասարակական կազմակերպությունը պիտի օգնի բանակին հենց հոգեբաններ ուղարկելով, զրույցներ կազմակերպելով, տարբեր միջոցառումների միջոցով մեր պատանիներին օգնելով... Միայն այդ պայմաններում կխուսափենք միջանձնային հարաբերություններից և ողբերգություններից...