Հետաքրքիր է' Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը դատավորների կաշառակերության վերաբերյալ իրավական գործընթացի սկիզբ դառնալու է, թե ոչ: Արդեն մի տեսակ սովորական է դարձել, որ մեր պաշտոնյաները աղմկահարույց, ահասարսուռ զեկույցներ հրապարակեն և հետագայում կամ հերքեն, կամ նետեն մոռացության գզրոցները:

 

Հիշեցի մի հին, զվարճալի պատմություն.

 

Բուլղարական Գաբրովո փոքրիկ քաղաքի լրագրերից մեկում հոդված է տպագրվում, որտեղ լրագրողը հայտարարում է' մեր երկրում դատավորների 50 տոկոսը սրիկաներ են: Վրդովված դատավորները դատի են տալիս լրագրողին և պահանջում հերքում: Հաջորդ օրը հնարամիտ լրագրողը թերթում տպագրում է հերքումը' մեր երկրում դատավորների 50 տոկոսը սրիկաներ չեն:

 

Հիմա այս դեպքում կարծում եմ ժամանակն է' կոնկրետ դեպքեր բացահայտելու և իրավական գործընթաց սկսելու համար: Թե չէ այսօր հայտարարում են, վաղը հերքում կամ լղոզում: Իսկ որ մեր պաշտոնյաները իրենց ճարպկությամբ 100 գաբրովացի լրագրող կծալեն' բժշկական փաստ է...

 

 

Վարուժան Բաբաջանյան