2014-ի խորհրդանիշը կապույտ փայտե Ձին է:


Ձին եռանդուն է, դիմացկուն և անհամբեր: Ձին սիրում է աշխատանքը և հարգում ազատությունը: Նրան խորթ է որոգայթներ լարելը և թիկունքից հարվածելը, ուստի հազիվ թե նրան հմայի անկեղծության ու արդարության բացակայությունը: Ճիշտ է, Ձիուն կարելի է խաբել, բայց երբ նա զգա, իսկ ձիերը զգայուն են, կպատժի անպայման: Ակնհայտորեն 2014-ը ձանձրալի չի լինի, այլ արագընթաց ու եռանդուն, բարեհամբույր ու նրբազգաց:

Ձիու տարում պայտեր գնեք


Որպեսզի Ձին ձեզ օգնի, տարեմուտին տունը պետք է զարդարել կապույտ, երկնագույն, կանաչ գույներով, հավելելով բնական ցանկացած գույն՝ ավազի, խոտի, արևի: Տունը զարդարելիս ուշադիր եղեք մանրուքների նկատմամբ՝ Ձին գնահատում է ազնվազարմությունն ու պարզությունը, տանել չի կարողանում ավելորդությունները: Իբրև զարդարանք անպայման պետք է լինեն փայտե իրեր՝ սափորներ, սկահակներ, ձիու արձանիկներ: Մոդեռն ոճի իրերը հավաքեք: Տարվա գլխավոր թալիսմաններն են՝ պայտը, ծնծղան, ձին: Ձիու բարեհաճությանն արժանանալու համար անպայման մեկնումեկն ունեցեք ձեր տանը:


Դիմավորեք տարեմուտը ցամաքում

Ձին հավատարիմ, տիրոջը նվիրված կենդանի է, այդ պատճառով տարեմուտը ավելի լավ է դիմավորել ընտանիքի և ամենամտերիմ մարդկանց հետ: Ձին նաև խաղացկուն է, ուստի սիրում է ուրախ հավաքույթները: Ընտանեկան միջավայրում Ձիու տարին դիմավորելուց հետո կարող եք շարունակել տոնը ընկերների հետ՝ եղևնու շուրջը, հրավառությունների ներքո: Հետևելով ազատատենչ Ձիուն, տարեմուտը կարելի է դիմավորել մոլորակի ցանկացած կետում: Ձին սիրում է ամուր կանգնել ոտքերի վրա, այդ պատճառով դիմավորեք տարեմուտը ցամաքում, խուսափեք ինքնաթիռներից ու նավերից:

Միատեղեք բնության գեղեցկությունը և մարդկային ձեռքի ջերմությունը

Ձին խելացի կենդանի է, այդ պատճառով տարեմուտի ընծաներն ընտրելիս նախապատվությունը տվեք ինտելեկտուալ տարբերակներին, որոնք նաև օրիգինալ են: Ասենք՝ գրքեր, լավագույն նվեր են տարվա թալիսմանները՝ պայտի, ձիու, ծնծղաների տեսքով հուշանվերները, արձանիկները, բիժուտերիան, կախազարդերը: Ձիու տարում լավ նվեր են օգտակար իրերը՝ ձիու պատկերով: Հաջողություն կբերեն փայտե նվերները՝ զարդատուփեր, փայտե զարդեր, սեղանի սպասք, սկահակներ: Այն բոլոր նվերները, որոնք միատեղում են բնության գեղեցկությունը և մարդկային ձեռքի ջերմությունը, հրաշալի կընդունվեն:

Սեղանին կարող եք կումիս ունենալ

Ձին պարզ կենդանի է, որ սիրում է որակ և լակոնիզմ: Տոնական սեղանը չարժե ծանրաբեռնել տարաշխարհիկ ուտեստներով: Ձիուն գրավում են ընտանեկան ջերմությունն ու հարմարավետությունը: Սեղանի սփռոցը, անձեռոցիկները պետք է լինեն բնական նյութերից՝ բամբակից, թղթից կամ մետաքսից: Պարտադիր է սեղանին ունենալ փայտե սպասքից գոնե ինչ-որ մաս՝ գդալ, ափսե, գավաթ: Տարվա տիրուհու բարեհաճությունը շահելու համար իբրև խորհրդանիշ սեղանին ունեցեք մի գավաթ մաքուր ջուր, վարսակ և հացի կողեզր:
Ձին խոտակեր է, այդ պատճառով սեղանին պետք է շատ մրգեր լինեն ու բանջարեղենից, կանաչեղենից պատրաստված ճաշատեսակներ: Մսեղենը հասցրեք նվազագույնի, մսի փոխարեն օգտագործեք թռչնամիս՝ հավի, հնդկահավի, բադի: Ձիուն հաճոյանալու համար սեղանին կարող եք կումիս ունենալ:


Լավագույն սանրվածքը ձիու պոչիկն է

Նոր տարվա տիրուհուն հաճո են բնական կտորները և հանգիստ գույները: Սակայն Տարեմուտը տոն է և դուք կարող եք օգտագործել վառ հավելումներ: Քանի որ 2014-ը կապույտ Ձիու տարի է, նախընտրելի են կապույտ, երկնագույն, կանաչ գույների բոլոր նրբերանգները: Որևէ խիստ կանոն ու սահմանափակում չկա, քանի որ Ձին ազատատենչ կենդանի է: Կանանց տոնական հանդերձները կարող են լինել երկար կամ կարճ, կարևորը, որ հմայիչ լինեն: Լավագույն սանրվածքը, իհարկե, ձիու պոչիկն է, բայց կարելի է և գեղեցիկ հարդարել մազերը: Կապույտ փայտե Ձին պատրաստ է ձեզ երջանկություն պարգևելու: