Ծառուկյանի՝ Ազգային ժողով անակնկալ այցից ցնցված՝ որոշեցի համեմատական անցկացնելու համար թերթել 5-րդ գումարման ԱԺ-ի պատգամավորների՝ ԱԺ այցելությունների ցուցակները: Պարզեցի, որ ԱԺ-ում կա խռոնիկ բացակայողների ցանկ՝ Գեւորգյան Նահապետ՝ 47 բացակա, Գուլոյան Մուրադ՝ 49 բացակա, Ծառուկյան Գագիկ՝ 86 բացակա, Կարապետյան Կարո՝ 66 բացակա ու էդպես էլի մի 30-40 հոգի: Մեր բուհում նման ուսանողներին վաղուց արդեն հեռացրած կլինեին: Բայց ԱԺ-ում, ցավոք, այլ կերպ է ամեն ինչ: Կարող ես ընտրվել ու 5 տարի բոյկոտել նիստերը: Ու ոչ ոք քեզ բան չի ասի:
Բացակայությունների պատճառը հասկանալու համար փորձենք պատասխանել մի հարցի՝ առահասարակ ի՞նչն է պատճառը, որ ՀՀ-ում հաճախ պատգամավոր են դառնում մարդիկ, ովքեր մեղմ ասած պատգամավորացու չեն: Նրանք կա՛մ նիստերին ընդհանրապես չեն գալիս, կա՛մ էլ մարդիկ են, ովքեր, չնայած գալիս են նիստերին, բայց օրենք երբևէ չեն գրել ու չեն գրի: Բացի դա բուռն ու խիստ հագեցած կյանքի ընթացքում հասցրել են անգիր անել միայն այբբենարանի առաջին տասը տառերը: Սրանց մեծ մասը բիզնեսմեններ են, քաղաքական գործիչ դառնալ երազող, բայց հարգելի պատճառով երազը երբևէ իրական չտեսնելու տեսլականի հետ համակերպված մարդիկ, տարբեր հաստագլուխների վեցանոցներ ու անհասկանալի դեմքեր, ում պարզապես դզում է Բաղրամյան փողոցի վրա նստել:
Ինչ-որ տեղ օլիգարխների ու մոնոպոլիաների վրա կարողություն դիզած դեմքերի՝ ԱԺ-ում լինելու մոտիվացիան ընկալելի է. նրանք ուզում են իրենց ձեռքով գրել այն օրենքները, որոնց պայմաններում բարգավաճելու է իրենց բիզնեսը: Բայց դե քանի որ մեր երկրում մոնոպոլ դառնալու ու օլիգարխությամբ զբաղվելու համար մտքի առանձնապես մեծ թռիչք ու աչքերի փայլ հարկավոր չեն, ԱԺ-ում ստացվում է այն քառակուսի գլուխանիների կուտակումը, որը ունենք հիմա: Ինչպե՞ս լուծել խնդիրը:
Արի ու տես՝ պրոբլեմը միայն մեր գողտրիկ հանրապետությունում չէ: Ամբողջ աշխարհում օրենքներ գրողների վրա ազդելու կամ դրանք գրելու հազար ու մի մեթոդ կա՝ լոբիստներից մինչև եսիմ ինչեր, որոնք, ի դեպ, բավական լայն թափով տռզում են:
Օրինակ, ասենք, Բրիտանիայում կամ ԱՄՆ-ում շատ ծիծաղելի կդիտվեր, որ երկրի առաջին երեք հարուստ մարդիկ լինեին պատգամավոր: Առաջինը, որ նրանք նիստերին մասնակցելու ժամանակ չունեն, և երկրորդը, որ քիթները չեն ուզում խոթել մի տեղ, որից այնքան էլ լավ չեն հասկանում: Փոխարենը նրանցից յուրաքանչյուրը ԱԺ-ում ունեն օրենքից լավ հասկացող սիրուն, սիմպատիչնի ջահելներ, ովքեր երբեմն թաքուն, երբեմն էլ բացահայտ կերպով առաջ են տանում իրենց հովանավորողի շահերը: Արդյունքում ունենում են բավական որակյալ պառլամենտ և բավարարված բիզնես շահեր:
Գիտեմ՝ ամենակարևորը մոռացա. հիմա կասեք, որ շատերը պատգամավոր են դառնում անձեռնմխելի լինելու համար: Հա, բան չունեմ ասելու, վատ պատճառ չի: Բայց մեր երկրում դա ոնց որ թե էնքան էլ չի գործում: Մի տղա կա, անունը՝ Օսկանյան Վարդան, հարցրեք իրեն, կասի՝ ինչի: