Հայտնի է, որ Թիֆլիսը դարեր շարունակ եղել է գերազանցապես հայաբնակ: Դա փաստում է նաեւ XIX-XXդդ վիճակագրությունը, թեեւ վրացիները շատ ցավագին են ընդունում այդ մասին ցանկացած փաստ եւ վկայություն: Թիֆլիսում ապրող հայության մասին տեղեկություններ կան դեռեւս V-VIդարերից: X-XI դարերում են հիմնվել հայկական Հավլաբար և Սոլոլակ թաղամասերը:
1844 թ. քաղաքում ապրում էր շուրջ 35 հազար մարդ, այդ թվում՝ 19 հազար հայ, 7 հազար վրացի, 5 հազար ռուս: Գործում էր հայկական 21 եկեղեցի: 1865թ. Թիֆլիսում կար 60.085 մարդ, այդ թվում 30 հազար հայ, 14 հազար վրացի, 12 հազար ռուս, 1500 թաթար եւ այլք: Թբիլիսիի առաջին հայ քաղաքապետը Հովհաննես Իզմիրյանցն էր /1840–43 թթ/: Հետագայում էլ քաղաքագլխի պաշտոնը շարունակել են զբաղեցնել հայերը՝ Խատիսյանը, Տեր-Գրիկուրովը, Շադինովը, Փրիդոնովը, Գալուստևը, Սարաջևը և ուրիշներ: 1918թ. հայերը կրկին կազմում էին քաղաքի բնակչության մեծամասնությունը: Նույն թվի մայիս-հունիս ամիսներին հայ քաղաքական ընտրանին չէր կողմնորոշվում Հայաստանի մայրաքաղաքի ընտրության հարցում եւ Թիֆլիսն էր ընկալվում որպես ՀՀ մայրաքաղաք: Վրաստանի անկախության հռչակումից /1918թ/ եւ հատկապես խորհրդայնացումից /1921թ/ հետո, վրաց իշխանությունների իրականացրած ձուլման քաղաքականության արդյունքում, Թիֆլիսում օր-օրի մարեց հայ կյանքը: 1959թ. մարդահամարի տվյալներով հայ էր քաղաքի բնակչության 21,3 %-ը, 1970թ.՝ 16,9 %-ը, 1979 թ.՝ 14,5 %-ը (152.767 մարդ): 2009 թ. Թբիլիսիում բնակվում էր շուրջ 83 հզ. հայ, իսկ այսօր այդ թիվը չի գերազանցում 70 հազարը: Հայության թվի նվազմանը զուգընթաց աճում է ադրբեջանցիների թիվը ոչ միայն Թիֆլիսում, այլեւ Վրաստանի ամբողջ տարածքում: