Մեծ հաշվով Ազատության հրապարակում հավաքված երիտասարդների երթը Հայաստան երկրի և նրա գործող նախագահի արժանապատվության վերջին փշրանքները պաշտպանող գործողություններ էին: Պատկերացնու՞մ եք, Կոլցո օպերացիայից հետո հայ-ռուսական դարավոր բարեկամության հուշարձան է բացվում և դրա դեմ Հայաստանում ոչ մեկը չի ըմբոստանում...

 


Պատկերացնու՞մ եք, որ Հայաստան է գալիս մի երկրի նախագահ, որ նախապես զավթել է Հայաստանի տնտեսության ահռելի բաժինը, և իր գալու օրն էլ վերջին փշրանքները պիտի յուրացնի /գազպրոմի քսան տոկոսը/, և նրա դեմ ոչ ոք չի ըմբոստանում...Գալիս է երեք ամիս անց այն բանից հետո, երբ ստիպել է Հայաստան երկրին հնազանդություն հայտնել, և այն օրը, երբ երկու տարվա դադարից հետո ութսուներեք տարի առաջ հայտարարել է իր իշխանության վերահաստատումը... Սերժ Սարգսյանը իր ինտելեկտուալ վարչապետի հետ ուղղակի պետք է գլուխ խոնարհեն իրենց պատվի վերջին փշրանքները փրկելու փորձ արած այդ երիտասարդների առաջ: Ցավը, սակայն, նրանում է, որ պատվի զգացում լինելու դեպքում մենք այս օրին չէինք լինի, վերջում էլ չէինք բավարավի այս անպատիվ մարդկանց ՛՛կյանքը շարունակվում է՛՛ մխիթարանքով: Ո՞ր կյանքն է շարունակվում, ստրկակա՞ն...

 

Հրանուշ Խառատյան