Մի քանի օրից՝ Վիլնյուսում մեկնարկում է Արևելյան գործընկերության գագաթաժողովը, որը զրկվեց պատմականությունից՝ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելու և ստորագրելու Հայաստանի և Ուկրաինայի հրաժարումներից հետո։

 


Լիտվայի մայրաքաղաքում Հայաստանի պատվիրակությանն առանձնապես չեն սպասում,որովհետև ԵՄ–ն, գոնե այս փուլում, հազիվ թե՝ լուրջ հեռանկար կապի մի երկրի հետ, որի քաղաքական համակարգում առկա է կոնսենսուս՝ Մաքսային միությանն անդամագրվելու հարցում։

 


Վիլնյուսում գուցե դատարկ մնա նաև ուկրաինական սյունակը, բայց այդ երկիրն անհույս չի. Ուկրաինայում սկսվել է եվրաինտեգրացիայի հուժկու շարժում, որը կարող է անգամ ներքաղաքական իրավիճակ փոխել։ Առնվազն երաշխավորված է, որ Ուկրաինան մաս չի կազմի պուտինյան Մաքսային միությանը։
Վրաստանն ու Մոլվովան հայտարարել են, որ Կիևի որոշումն իրենց մտադրությունների վրա չի ազդել, ու իրենք Եվրամիության հետ նախաստորագրելու են Ասոցացման համաձայնագիրը։

 


Վրաստանի մասով՝ կասկածներ չկան. եվրոինտեգրացիայի հարցում առկա է քաղաքական հիմնական դերակատարների լիարժեք կոնսենսուս, իսկ Կրեմլի ճնշումները չեն աշխատում՝առնվազն ռուս–վրացական պատերազմից հետո։

 


Մոլդովայի իշխանության հետևողականությունը նույնպես ակնհայտ է, սակայն այդ երկրում ազդեցիկ է նաև կոմունիստական ընդդիմությունն, որը, Մոսկվայի անթաքույց աջակցությամբ, փորձում է վիժեցնել եվրաինտեգրացիայի գործընթացը։