Կիեվում արդեն մի քանի օր է զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում՝ ընդդեմ ԵՄ-ի հետ ասսոցացման պայմանագրի ստորագրման գործընթացը կասեցնելու վերաբերյալ Ուկրաինայի կառավարության որոշման: Ցուցարարները պահանջում են անհապաղորեն չեղարկել այդ որոշումը և ստորագրել ասոցացման համաձայնագիրը ամսի 29-ին կայանալիք Վիլնյուսյան գագաթանաժողովում:
Շաբաթ օրվա դրությամբ Կիեվի մեյդան դուրս էին եկել հազարավոր ուկրաինացիներ ու հենց այդ պահից սկսվեց արդեն ամենահետաքրքիրը. միանգամից սկսեցին գործարկվել այն մեխանիզմները, որոնց մենք ծանոթ ենք դեռ 2004 թվականի նարնջագույն հեղափոխությունից՝ ցուցարարների ռեալ թվի ուռճացում, սոցիալական ցանցերում ակտիվ քարոզարշավ, ինչպես նաև ցուցարարների հավաքագրում (ոչ անվճար), նույն շեշտադրումներով հռետորաբանություն և իհարկե, «մարտիրոսության» գնացած առաջնորդի իմիջով մարդկանց ներգրավվածություն:
Այլ կերպ ասած, Արևմուտքը նպատակադրված չէ այդքան հեշտ ձեռք քաշել Ուկրաինայից և դիմակայությունը Ռուսաստանի հետ թևակոխում է նոր փուլ, որը լուրջ քաղաքացիական խմորումների կարող է հանգեցնել՝ ընդհուպ մինչև Ուկրաինայի մասնատում 2-3 մասերի:
Բերեմ մի քանի օրինակ արդեն իսկ կիրառվող տեխնոլոգիաների. ընդդիմությունը միաբերան հայտարարում է 100 հազարից ավել ցուցարարների մասին, մինչդեռ վաղուց արդեն կարելի է արբանյակից եկող տվյալների օգնությամբ չնչին շողումով հաշվի ցանկացած ցույցի մասնակիցների թիվը, եթե ցույց բացօդյա է: Այսպես, «Եվրոմեյդանի» մասնակիցների թիվը մոտավորապես կազմում է 30.000, ինչը 3 միլլիոն բնակչություն ունեցող Կիեվի բնակչության 0.1 տոկոսն է: Մի մոռացեք նաև, որ այդ 0.1 տոկոսի ինչ որ մաս կազմում են Կիեվ բերված/ժամանած եվրոինտեգրալներ ու ուղղակի փողի դիմաց մասսովկա ապահովող անհանտններ:

 


Համացանցում արդեն իսկ սկսել են տարածվել տարբեր փաստեր, որոնք վկայում են գումարով ցուցարարների հավաքագրման վերաբերյալ: Իհարկե, ընդդիմությունն ու ընդդիմությանը համակրող զանգվածը դրանք որակում է որպես կեղծիք ու սադրանք, բայց վերադառնալով 2004 թվականի օրինակին, չի կարելի չակնարկել, որ 2004-ին էլ նման իրավիճակ էր և միայն տարիներ անց բացահայտվեցին մի շարք կազմակերպություններ, որոնք տարբեր ծագում ունեցող ֆինանսական աղբյուրներն ուղղում էին մարդկանց հավաքագրմանը և այն ժամանակ էլ դրա մասին վկայող փաստերը որակվում էին որպես սադրանք ու կեղծիք:

 


Ակտիվացել է նաև Յուլիա Տիմոշենկոն, ով բաց նամակների ու կոչերի տարափ է սկսել գաղութից, որոնցում նա բարձր պաթոսով ու էմոցիոնալությամբ ասում է, որ ցանկանում էր սպանել Յանուկովիչին, երբ իմացավ կայացված որոշման մասին, իսկ ցուցարարներին կոչ է անում փրկել Ուկրաինան «սավոկ» վերադառանալու հեռանկարից ու անել այն, ինչ արեցին 2004-ին: Տիմոշենկոն ինչ որ առումով փորձում է կրկնել Յուշչենկոյի ձիով քայլը, ով 2004-ին շատ հմտորեն օգտագործեց իբր իր վցրա թունավորման միջոցով կատարված մահափորձի փաստը, որի հետևում իբր Կուչմայի ռեժիմն էր կանգնած: Յուլիան էլ ուզում է հիմա ուզուրպացնել Յանուկովիչի ռեժիմի դեմ պայքարող մարտիրոսի դերը և տեսանելի հեռանկարում հեծնել բողոքի ալիքը:

 


Յանուկովիչի ռեժիմի հարատևությունը կախված է դրա վճռականությունից, ինչպես նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների վիճակից: Եթե Յանուկովիչը հստակ դիրքորոշում չհայտնի ու հարկ եղած դեպքում կոշտ միջոցների չդիմի, ապա մեծ հավանականությամբ Ուկրաինան՝ որպես միացյալ քաղաքական միավոր կդադարի գոյություն ունենալ և կբաժանվի կամ երկու մասի՝ Եվրոպամետ արևմտյան և Ռուսամետ արևելյան, կամ էլ երեք մասի՝ Եվրոպամետ արևմտյան, Ռուսամետ արևելյան և Ուկրաինայից անջատված (հետագայում Ռուսաստանի կազմի մեջ մտնելու նկրտումներով) Ղրիմ: