Թող ոչ մեկ «Մենք սատարում ենք Վարդան Պետրոսյանին» շարժումը /որին միացել է նաեւ ձեր խոնարհ ծառան/ չներկայացնի այնպես, թե դա ավտովթարում անմեղ զոհեր տված ընտանիքի դեմ նախաձեռնություն է կամ նպատակ է հետապնդում ավտովթարի եղելությունը խեղել ու հարմարեցնել սիրված դերասանի շահերին: Կարծում եմ, այդ շարժման յուրաքանչյուր անդամ քաջ գիտակցում է, թե ինչ անչափելի վիշտ է պատել այդ ընտանիքին: Մեզանից յուրաքանչյուրը, համոզված եմ, նաեւ՝ Վարդան Պետրոսյանը, հրաշալի հասկանում է, թե ինչ է նշանակում օջախի ծուխ մարելը, ինչը, ցավոք պատահեց այդ ընտանիքի հետ՝ կորցնելով իր երկու հույսերին: Մեր պահանջը մեկն է. հանրությանը հայտնել իրականությունը, ճշմատությունը վստահելի նախաքննության միջոցով, այլ ոչ թե ծաղրածու քննիչի ձեռնածությունների միջոցով ավելի խորացնել անվստահությունը քննության հանդեպ: Անկախ նրանից, թե ում կողմն է այդ ճշմարտությունը, ով որչափ է մեղավոր եղել ավտովթարում, մենք բոլորս, եւ առաջին հերթին պետության եւ արդարադատության ներկայացուցիչները պարտավոր են հարգել բոլոր կողմերի արժանապատվությունը, չնսեմացնել մարդուն՝ լինի նա դերասան, թե սովորական մարդ: Հատկապես, երբ ավտովթարի ոչ մի կողմ գիտակցված, իր կամքով ու ցանկությամբ չէ հայտնվել այդ ողբերգության մեջ, հանցագործ չէ ոչ իր անցյալով, ոչ էլ այդ սարսափելի պատահարի հետ իր ակամա առնչակցությամբ: Սա է իմ պահանջը: