Անկեղծ, երեք օր առաջ այդքան էլ չոգևորվեցի երթուղայինի վարորդից չծխել պահանջող օրիորդի տեսանյութից: Իմ կարծիքով ավելի լավ է օրական քառորդ և կամ կես ժամ ծխախոտի ծուխ շնչել, քան թե վտանգի ենթարկել սեփական կյանքը: Իսկ որ երկրորդն ավելի քան իրական է, դրանում կասկած չկա՝ ընդամենը պետք է նայել երևանյան երթևեկությանը: Եթե այդ աննորմալ երթևեկությանը զուգակցենք նաև ծխելու պահանջը հաղթահարելուց առաջացող ստրեսը՝ ապա հասկանալի կլինի վտանգի իրական չափը: Այստեղ է, որ ԳՐԱՆՏԱԿԵՐՈՒԹՅԱՆ դեմ «պայքարի դրոշ բարձրացրած հայրենասերներն» լավ կլիներ, որ արթնանային խոր քնից՝ բողոքի ցույցեր անելով ընդդեմ կառավարության, որը միջազգային կազմակերպություններից գրանտներ ստանալու համար և դրանց շնորհիվ օրենք ընդունեց, որն իրականացնել չի շտապում՝ որ երթուղայինը մտնես, որ ծխող վարորդ չտեսնես: Եվ չի էլ կարող խստիվ վերահսկել այդ օրենքի կիրառումը, այլապես օրական բազմաթիվ վթարների ու դրանց հետևանքով մարդկային զոհերի ականատեսը կդառնանք: Իսկ որպեսզի այդ ամենից խուսափենք՝ դեռ պետք էր երթևեկությունը կարգավորել, ինչը հաստատ մեկ-երկու օրվա գործ չի, իսկ այնուհետև երթուղայինում ծխելն արգելող օրենք ընդունել: