«Սովետական սպորտի» տեսաբան Եվգենի Լովչևը իր ամենշաբաթյա «Ֆուտբոլի ժամ» հաղորդման շրջանակներում ասել է, որ «Սպարտակը» ներկայումս Դորտմունդի «Բորուսսիայի» կազմում հանդես եկող Հենրիխ Մխիթարյանին հրավիրել է իր թիմ:

««Սպարտակի» ղեկավարներից մեկը Մխիթարյանին սպիտակ թուղթ է տվել և ասել. «գրիր ցանկացած գին»: Նա ասել է, որ ուզում է խաղալ այնտեղ՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլում: Ես սա պատմում եմ առաջին աղբյուրներից»,- ասել է Լովչևը:

Մխիթարյանի համար առաջարկություն է եղել նաև «Անժիից»: «Այն պարզապես հիասքանչ է եղել: Բայց նրա համար առաջին տեղում ֆուտբոլն էր: Նա ցանկանում էր խաղալ առաջատար առաջնությունում»,- ավելացրել է մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա ամռանը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը «Շախտյորից» տեղափոխվեց «Բորուսսիա» 27. 5 միլիոն եվրոյով: