Վաղը' 30.01.13 ընդմիջման ժամին (13:01) Մաշտոցի պուրակում մի խումբ քաղաքացիներ կնշեն ուղիղ մեկ տարի առաջ սկսված Մաշտոցի պուրակի քաղաքացիական պայքարի առաջին ակցիան (30-ը հունվարի) և կքննարկեն Քաղաքացիական ամբիոնի վերաբացման հարցը։ Միացեք նրանց Like-երով և ձեր ներկայությամբ։ ))

 

ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՆԵՆՔ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՄԲԻՈՆԸ

Այս պահին ընթացող նախընտրական քարոզարշավը քաղաքացիական խնդիրներին անտեղյակ անձանց մոտ կարող է ձևավորել մեր իրականությանը զուգահեռ հիպեր-իրականություն - իլյուզիա, որը մարդուն քնեցնում է լավատեսության թմբիրի մեջ...«ամեն ինչ լավ է,.. դե կան որոշ բացթողումներ, որոնք կարելի է լրացնել»։ Սա մասնավորապես ձեռնտու է ներկայիս իշխանություններին, որոնց ձեավորած քաղաքային իշխանության կազմը Երևանի քաղաքաշինական, էկոլոգիական և մշակութային իրավիճակի ուղղակի պատասխանատուն է։ Այս իլյուզիան ցրելու համար ԱՆՀՐԱԺԵՇՏ է Երևան քաղաքի բնապահպանական և քաղաքաշինական առկա խնդիրները բարձրաձայնել ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՄԲԻՈՆԻՑ։

Մեկ տարի առաջ այս օրերին հասունանում էր Մաշտոցի պուրակի քաղաքացիական ընդվզումը։ Գիտակից ուժերը խնդրի շուրջ կենտրոնացնելու նպատակով «Մեր քաղաքը» ՀՔՆ-ի կողմից Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով մեկնարկային ակցիայի օր նշանակվեց հունվարի 30-ը։ https://www.facebook.com/photo.php?fbid=244245365651729&set=s.100123063448128&type=1&theater

Առաջարկում ենք այս տարի ևս հունվարի 30-ին սկիզբ դնել քաղաքացիական հավաքներին և հանրային քննարկումներին, ինչպես նաև վերակենդանացնել Մաշտոցի պուրակի «Քաղաքացիական ամբիոնի» գաղափարը՝ հրավիրելով հասարակական, մշակութային և քաղաքական գործիչների, ովքեր շարքային քաղաքացու տեսանկյունից և քաղաքացիական գիտակցության ելակետից կխոսեն գալիք նախագահական ընտրությունների մասին։

Քաղաքացիական ամբիոնը պետք է լինի բաց և գործի նախընտրական ամբիոններին զուգահեռ։ Նախագահի բոլոր թեկնածուները կարող են ելույթ ունենալ Քաղաքացիական ամբիոնից՝ անդրադառնալով քաղաքաշինական և բնապահպանական առումներով Հայաստանի զարգացման իրենց ծրագրային տեսլականին։ Այդ ամբիոնից ելույթ ունենալիս նրանք ՊԱՐՏԱՎՈՐՎԵԼՈՒ ԵՆ մեջբերել նշված թեմաներով առկա բոլոր խնդիրները՝ (Թեղուտ, Ամուլսար, Քաջարան, Երևան և այլն) և հստակ, ծրագրային լուծումներ առաջարկել դրանց համար։