Հայ կղերական գրականությունը Գնելի և Տիրիթի մահվան մեջ մեղադրում է հայոց արքային' նրանց սպանության մեջ որոնելով Արշակի ցանկասիրությունն ու անխոհեմությունը, քանզի իբր Արշակ Բ-ն իր ազգական Գնելին սպանելուց հետո ամուսնացավ նրա այրու' սյունյաց իշխանադուստր գեղեցկուհի Փառանձեմի հետ:
Արշակ Երկրորդ հայոց արքայի (350-368) կյանքը հարուստ է պայքարով, վերելքներով ու վայրէջքներով, ողբերգական դրվագներով:

 


Արշակ Երկրորդը գահ բարձրացավ Հայաստանի համար ծանր պայմաններում: Հայ-պարսկական պատերազմի արդյունքում գերվել էր Տիրան արքան (338-350): Հայոց բանակը հռոմեացիների օգնությամբ Ոսխայի ճակատամարտում ջախջախեց պարսիկներին, որոնք ստիպված էին ազատ արձակել գերյալ արքային: Բայց քանի որ Տիրանը կուրացվել էր, նրա ավագ որդին' գահաժառանգ Արտաշեսն էլ սպանված էր, գահը պիտի անցներ երկրորդ արքայորդուն' Տրդատին: Բայց նա էլ պատանդ էր Հռոմում, և հայոց գահից հրաժարված կույր արքային փոխարինեց երրորդ որդին' Արշակ Երկրորդը:

 


Հռոմեացիներին թվում էր, թե իրենց օգնությամբ գահ բարձրացած Արշակը պիտի իրենց հլու կամակատարը լինի հայոց երկրում: Բայց նրանք սխալվեցին: Ի սկզբանե Արշակ Երկրորդը հասկացրեց, որ մտադիր է անկախ քաղաքականություն վարել: Հետևանքն այն էր, որ Հռոմում սպանվեց Տրդատ արքաեղբայրը, և սկսվեց հայ-հռոմեական պատերազմ, որն ավարտվեց հաշտությամբ: Հաշտությունն ամրագրելու համար Հռոմի Վալերիանոս կայսրը Արշակին կնության ուղարկեց իր ազգական Օլիմպիային:

 


Արշակի գահակալության տարիներին շարունակվում էր Հռոմեական կայսրության և Սասանյան Իրանի պայքարը Արևելքում առաջնության համար: Այս պայմաններում դժվար էր դիմագրավել արտաքին ճնշմանը և երկիրը զերծ պահել վտանգից: Սակայն Հայաստանը պառակտված էր նախարարական խոշոր տների և եկեղեցու միջև: Թագավորական իշխանությունը թուլացել էր, և երկրի անկախությունը վտանգված էր: Նոր գահ բարձրացած երիտասարդ թագավորը պետք է շատ ջանք թափեր և հենարան որոներ' իշխանությունն ամրապնդելու համար:

 


Բացի երկրի ներքին խնդիրներից, Արշակ Երկրորդը պետք է կարողանար հավասարակշիռ քաղաքականություն վարել երկու հզոր ախոյանների' Հռոմի և Իրանի միջև:
Գահ բարձրանալով' Արշակը հայոց զորքերի սպարապետությունը հանձնեց շնորհալի զորավար Վասակ Մամիկոնյանին, որը վճռական էր ոչ միայն Հայաստանի ներքին, այլև արտաքին անդորրն ու անվտանգությունը ապահովելու գործում: Ապա Արշակ Երկրորդը հայոց կաթողիկոսական գահին բազմեցրեց Ներսես Ա Պարթևին (353-373): Սա դարակազմիկ իրադարձություն էր հայոց պատմության մեջ, քանզի մինչ այդ հայոց կաթողիկոսին օծում և հաստատում էր Կեսարիայի մետրոպոլիտը: Այս քայլով Արշակ թագավորը սկիզբ դրեց, որ հայ եկեղեցին առանձնանա Հռոմի եկեղեցուց: Ներսեսն արքունի սենեկապետն էր և արքայի պարտադրանքով հագավ հոգևորականի սքեմը: Այս քայլով հայոց արքան նաև ուժեղացրեց արքունիքում հակապարսկական թևը' արտահայտելով իր վճռականությունը' հայոց անկախությունը պարսկական ոտնձգություններից պաշտպանելու համար: Սակայն այս քայլերը բավական չէին Հռոմի վստահությունը շահելու համար: Հարաբերությունները պարզելու նպատակով թագավորը Ներսես Պարթևին ուղարկեց Պոլիս: Կայսրը կարճ ժամանակով կալանավորեց կաթողիկոսին, բայց շուտով' ինն ամիս անց, ազատ արձակեց և Հայաստանում իր ազդեցությունը ամրապնդելու նպատակով կաթողիկոսի հետ Հայաստան ուղարկեց արքայի ազգականներ Գնել և Տիրիթ Արշակունիներին:

 

 


Փաստորեն, հայոց արքան ակամա հայտնվեց Հռոմի դավադրության ծուղակում: Բավական չէր, որ նա ստիպված էր կնության առնել Օլիմպիային, Հռոմն ամեն կերպ հասկացնում էր նրան, որ ամեն պահի գահի վրա նրան կարող են փոխարինել Գնելը կամ Տիրիթը, որոնք Օլիմպիա թագուհու հետ շարունակ դավեր էին հյուսում արքունիքում: Սակայն նրանք իրենց խարդավանքների համար հատուցեցին կյանքով:

 


Հայ կղերական գրականությունը Գնելի և Տիրիթի մահվան մեջ մեղադրում է հայոց արքային' նրանց սպանության մեջ որոնելով Արշակի ցանկասիրությունն ու անխոհեմությունը, քանզի իբր Արշակ Երկրորդն իր ազգական Գնելին սպանելուց հետո ամուսնացավ նրա այրու' սյունաց իշխանադուստր, գեղեցկուհի Փառանձեմի հետ: Փառանձեմի' Գնելի կինը լինելու փաստը կասկածի տակ է դրված պատմագիտության կողմից: Առհասարակ հայ եկեղեցական գրականությունը մեղադրում է Արշակին ամենածանր մեղքերի մեջ, անգամ հայրասպանության. սակայն փաստերի մանրամասն քննական վերլուծությունը հերքում է կղերական պատմիչների գրածը:
Հայոց արքայի վարմունքը պայմանավորված էր Արշակունի պայազատների ապստամբական գործելաոճով:

 

 

Հայաստանում հնուց հաստատված օրենք էր, որ արքունի ոստանում կարող էր բնակվել միայն հայոց թագաժառանգը: Իսկ ահա Գնել պատանին, առանց արքայի թույլտվությունը հայցելու, հաստատվել էր հայոց ոստանում' Տիրան արքայահոր մոտ: Սա բացահայտ մարտահրավեր էր ոչ միայն հայոց օրենքներին ու ավանդական կարգին, այլև ապստամբություն էր, և եթե հաշվի առնենք, որ Գնելի թիկունքում կանգնած էր ողջ «հռոմամետ» բանակը' հայոց ազդեցիկ նախարարներով, ապա Արշակի գահի գլխին լուրջ սպառնալիք էր կախված:

 

 


Հետևաբար Արշակ Երկրորդի կողմից Գնելի և Տիրիթի սպանությունը լիովին արդարացի էր քաղաքական տեսանկյունից: Այս դեպքերից շատ չանցած' արքունի հոգևորականներից Մրջյունիկը թունավորում է Օլիմպիա թագուհուն: Փաստորեն, Արշակ արքան, ակամա հայտնվելով Հռոմի ձեռքին պատանդի կարգավիճակում, շատ արագ լուծեց իր խնդիրները և ասպարեզից հեռացրեց Հռոմի գործակալ գահի հավակնորդներին:
Այս քայլից հետո Արշակ Երկրորդը դաշինք կապեց պարսից Շապուհ արքայի հետ: Անգամ 359 թ.' պարսկա-հռոմեական պատերազմի ժամանակ, երբ Արշակը, հավատարիմ հայ-պարսկական դաշինքին, ժամանեց Մծբին' ճակատամարտի վայր, տեսավ, որ թշնամի հռոմեական բանակը կազմ ու պատրաստ այնտեղ է, իսկ դաշնակից պարսիկները չեն ժամանել: Չսպասելով հիմնական ուժերին' Արշակը հարձակվում ու ջախջախում է ամբարտավան հռոմեացիներին:

 

 


Սա ավելի է սերտացնում Արշակի և Շապուհի հարաբերությունները: Պարսից արքան ցանկանում է անգամ իր դստերը կնության տալ հայոց արքային: Բայց Հռոմի գործակալները Հայաստանում քնած չէին: Արքայի և Շապուհի դստեր ամուսնությունը չկայացավ, ինչի հետևանքով լուծարվեց հայ-պարսկական դաշինքը, և Հայաստանը պարսկա-հռոմեական պատերազմում հայտնվեց երկու թշնամիների արանքում:
Արշակ Երկրորդը թերևս Արշակունիներից առաջինն էր, որ որդեգրեց ուրույն քաղաքական գիծ. զերծ լինել պարսկական և հռոմեական ազդեցությունից և վերականգնել Հայաստանի լիակատար անկախությունը: Իր քաղաքական ծրագրերի կայացման համար հայոց արքային սոցիալական հենարան էր հարկավոր: Եվ նա գտավ իր հենարանը' հայ ժողովուրդը' հայ նախարարների և եկեղեցու կեղեքումների ու ճնշումների դեմ ըմբոստացող հասարակ հայ շինականը:

 

 


Իր հենարանը ամրացնելու համար Արշակ Երկրորդը ձեռնամուխ եղավ նոր մայրաքաղաքի կառուցմանը. Մասիսի ստորոտում' Կոգովիտ գավառում կառուցեց Արշակավան քաղաքը: Թագավորը հրովարտակ ուղարկեց երկրի բոլոր ծայրերը, որում ասվում էր, որ նոր մայրաքաղաքում կարող են հաստատվել բոլոր դժգոհ անձինք, բոլորը, ովքեր փախած են բռնությունից ու հետապնդումներից:
Իր հովանու տակ առնելով հասարակ հայ շինականին' Արշակ թագավորը, փաստորեն, պատերազմ հայտարարեց հայ ազնվականությանը, այդ թվում' հայ եկեղեցուն: Սա աննախադեպ երևույթ էր համաշխարհային պատմության մեջ:

 


Թագավորի այս համարձակ քայլը չէր կարող անհետևանք մնալ, և հայ նախարարներն ու եկեղեցականները միասին, օգտվելով արքայի բացակայությունից, որ գտնվում էր Վիրքում, պաշարեցին մայրաքաղաքը, ավերեցին այն, բնակչությանը սրի քաշեցին և գերեվարեցին: Այս պատճառով երկրում քաղաքացիական պատերազմ սկսվեց, որի արդյունքում Արշակ Երկրորդի հրամանով Վասակ Մամիկոնյան սպարապետը սրի քաշեց Արշակավանի դեպքերի գլխավոր կազմակերպիչներից մեկի' Ներսեհ Կամսարականի ողջ տոհմը' տիրանալով Արտագերս ամրոցին և Երվանդաշատ քաղաքին:

 


Արշակավանի դեպքերից հետո ասպարեզից հեռացավ նաև Ներսես կաթողիկոսը, որ լինելով Հայաստանում Հռոմի շահերի փաստացի պաշտպանը' ուղղակի հեռացավ երկրից' չվերադառնալով այլևս մինչև Արշակի մահը: Արքան Ներսեսի փոխարեն կաթողիկոս օծել տվեց ոմն Չունակի: Փաստերի մանրակրկիտ վերլուծությունը ցույց է տալիս, որ Ներսես կաթողիկոսին հենց ինքը' Արշակ արքան աքսորեց հունական կողմնորոշման և երկրի ներքին քաղաքական կյանքին խառնվելու պատճառով:

 


Հայաստանի ներքին անկարգություններից չհապաղեց օգտվել թշնամին, և Շապուհ Երկրորդ արքան (310-397) հսկայական բանակով ներխուժեց հայոց երկրի հարավային նահանգներ: Շապուհը ավերեց ողջ Աղձնիք նահանգը: Առիթից օգտվելով' գործին միջամտեց Հռոմը: Սկսված պատերազմում Արշակը ստիպված էր ապավինել Հռոմի ուժերին, և հայոց բանակը ավերածությունների ենթարկեց Ատրպատականը: Սակայն պատերազմի ժամանակ զոհվեց հռոմեական կայսր Հուլիանոսը, իսկ նոր կայսր Հովիանոսը Պարսկաստանի հետ կնքեց Ամմիանոս Մարկելլինոսի խոսքերով' «ամոթալի հաշտությունը», որով, ի թիվս այլ զիջումների, խոստանում էր հայ-պարսկական պատերազմների ժամանակ չմիջամտել արևելքի գործերին և Հայաստանը թողնում էր բախտի քմահաճույքին:
364 թ. սկսվեց հայ-պարսկական արյունահեղ պատերազմը: Պատերազմի սկզբից պարսկական բանակը Շապուհ արքայի հրամանատարությամբ ներխուժեց Դարանաղյաց գավառ, գրավեց Անի ամրոցն ու թալանեց հայոց թագավորների դամբարանները: Սակայն վրա հասած հայկական բանակը ջարդեց պարսիկներին և ազատեց հայոց արքաների ոսկորները անպատվությունից ու գերությունից: Դրանից հետո հայոց արքայի հրամանով Արագածի լանջերին' Աղցք գյուղում հատուկ դամբարան կառուցվեց, որտեղ էլ ամփոփվեցին արքայական ոսկորները:
Արյունահեղ պատերազմը փոփոխական հաջողություններով տևեց չորս տարի: Սակայն ուժերն անհավասար էին: Հայոց թագավորությունը պառակտված էր, միասնականություն չկար հայ նախարարների միջև, ոմանք, դավաճանելով հայրենին, անցան պարսից արքայի կողմը:
Ամեն դեպքում, պարսից արքան համոզվեց, որ անհնար է զենքի ուժով Հայաստանի նվաճումը և դիմեց խորամանկության: Նա բանակցություններ վարելու պատրվակով իր մայրաքաղաք Տիզբոն հրավիրեց Արշակ Երկրորդին և սպարապետ Վասակ Մամիկոնյանին: Պարսից արքայի նամակը կնքված էր վարազակիր կնիքով, որը բարձրագույն երդում էր համարվում պարսից մեջ: Արշակ Երկրորդը չհավատալու հիմքեր չուներ և Վասակ Մամիկոնյանի հետ ճանապարհվեց Տիզբոն:

 

 


Տիզբոնում արքային և սպարապետին անմիջապես կալանավորեցին: Հայոց վեպը գեղեցիկ ավանդույթ է պատմում այն մասին, որ Շապուհ արքան փորձության է ենթարկում Արշակին: Երբ Արշակը քայլում է պարսից հողի վրա' հլու-հնազանդ էր Շապուհին, իսկ երբ Շապուհն Արշակին տանում էր հատուկ Հայաստանից բերած հողի վրա, հայոց արքան ըմբոստանում է և սպառնում. «Ի բացս կաց ինձնից, ծառա չարագործ, որ տեր ես դարձել տերերիդ վրա…»: Նկատի ուներ այն, որ Սասանյանները ժամանակին հպատակ էին Արշակունիներին, և միայն 226 թ. հեղաշրջմամբ Սասանյան տոհմը Իրանում գահ բարձրացավ' տապալելով Արշակունիներին:
Պարսից արքան ատյան է հրավիրում և նախ դատում Վասակ Մամիկոնյանին: Ատյանի ժամանակ նա դիմում է քաջին' ասելով.

 


- Այդ դու՞ էիր, աղվես, որ տարիներ շարունակ կոտորում էիր արիներին (պարսիկներին):
- Քանի դեռ ազատ էի, մի առյուծ էի, որ կանգնած էի' ամեն ոտքս մի սարի վրա: Երբ մի ոտքիս էի հենվում' մի սարն էր գետնի տակ անցնում, երբ մյուս ոտքիս էի հենվում' մյուս սարը: Հիմա, որ ինձ տեսնում եք այսպես շղթայված և փոքրամարմին, աղվե՞ս դարձա:
- Եվ որո՞նք էին այդ սարերը,- հարցնում է պարսից արքան:
- Մեկը դու էիր, մյուսը' հռոմեաց կայսրը…
Պարսից արքայի հրամանով Վասակին մորթազերծ են անում, իսկ Արշակ արքային կուրացնում և նետում Խուժիստանի Անհուշ բերդը:

 

 


Միայն տարիներ անց, երբ Արշակի սենեկապետ Դրաստամատ իշխանը ճակատամարտում փրկում է Շապուհի կյանքը, որպես վարձատրություն իր ծառայության' խնդրում է այցելել իր արքային և թագավորական պատիվների արժանացնել: Շապուհը ստիպված համաձայնում է: Եվ Դրաստամատը նվագածուների ուղեկցությամբ այցելում է Անհուշ բերդում Արշակին, նրան լողացնում, սեղան բացում, արքայական պատիվների արժանացնում: Եվ խնջույքի ժամանակ, երբ մատուցում են արքայի սիրելի կերակուրը' ամիճը (լցոնած հնդկահավ), թագավորն ամիճը կտրելու դանակով ինքնասպան է լինում: Նույն դանակով իր կյանքին վերջ է դնում նաև Դրաստամատ իշխանը: