Մի օր աշխատողները գալիս են գրասենյակ և մուտքի մոտ տեսնում մի ցուցանակ, որի վրա գրված էր. "Մարդը, ով կասեցնում էր ձեր հաջողությունը և առաջընթացը այս կազմակերպությունում, մահացել է։ Մենք հրավիրում ենք ձեզ մասնակցելու հյուղարկավորության արարողությանը, որը կազմակեպվել է մարզադահլիճում"։ Սկզբում նրանք տխրեցին՝ իմանալով իրենց գործընկերոջ մահվան մասին, բայց հետո նրանց սկսեց տանջել հետաքրքրասիրությունը, թե ո՞վ էր այդ մարդը, որ խոչընդոտում էր իրենց առաջընթացը։
Շուտով մարդկանց բազմությունը այնքան մեծացավ, որ ստիպված հրավիրեցին անվտանգության աշխատողներին, որպեսզի հսկեն իրավիճակը։ Ինչքան շատ էին մարդիկ մոտենում դագաղին, այնքան հետաքրքրությունն աճում էր. "Տեսնես, ո՞վ էր այդ մարդը, որ խոչընդոտում էր մեր հաջողությանը"։ Սակայն, երբ նրանցից յուրաքանչյուրը մոտենում էր դագաղին և նայում մեջը, կորցնում էր խոսելու ունակությունը, կարծես ինչ որ մի բան դիպչել էր նրանց հոգու նուրբ լարերին։ Դագաղի մեջ հայելի էր դրված, և յուրաքանչյուր ոք, ով նայում էր այնտեղ, տեսնում էր ինքն իրեն։
Դագաղի կողքին կար փակցված հետևյալ մակագրությունը. "Ձեր հաջողությանը խոչընդոտող անձը ԴՈՒՔ եք։ Միայն դուք եք սահմաններ դնում ձեր աճին, միայն դուք կարող եք հեղափոխել ձեր կյանքը, միայն դուք կարող եք օգնել ինքներդ ձեզ։ Ամենակարևոր հարաբերությունը, որ դուք կարող եք ունենալ, դա հարաբերությունն է ինքներդ ձեզ հետ"։
Սիրելի բարեկամ, թե ինչպես կձևավորվի ձեր կյանքը, կախված է ձեր ընտրությունից։ Ճիշտ ընտրություն կատարելու համար անհրաժեշտ է իմաստություն։ Աստված խոստացել է տալ իմաստություն յուրաքանչյուրին, ով դրա կարիքն ունի։ Ընտրենք լինել երջանիկ Աստծո հետ։