Ինչպես հայտնում է «Российская газета»-ն, վերջերս ամերիկացի գիտնականների կողմից կատարված հետազոտությունները, որոնց մասնակցել է 54 հազար մարդ, ցույց են տվել, որ քնի ավելցուկը նույնքան վնաս է առողջությանը, որքան թերքնությունը և սպառնում է քրոնիկ հիվանդությունների պատճառ դառնալ: Ըստ այդմ' մարդը քնելուն պետք է 7-9 ժամից ոչ ավելի տրամադրի:
ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գիտնականները պնդում են, որ միջին տարիքի' մոտավորապես 45 տարեկան մարդիկ, ովքեր օրական 6 ժամից ավելի քիչ են քնում, ենթակա են սրտի անբավարարության, կաթվածի, շաքարախտի և հոգեկան խանգարումների ռիսկերին: Սակայն ինչպես պարզվում է, նույն խնդիրները կարող են ունենալ նաև այն մարդիկ, ովքեր սիրում են քնել և դրան տրամադրում են 10 ու ավելի ժամ: Նրանց նաև նյութափոխանակության խանգարումներ են սպառնում: