Հայաստանի այսպես կոչված “քաղաքական” ու “քարոզչական” դաշտը բավականին անտրամաբանական է: Սակայն այդ “անտրամաբանությունն” ունի բավականին հստակ տրամաբանություն, որը հասկանալու համար պետք է հետադարձ հայացք ձգել այսպես կոչված “քաղաքական” դաշտի պատմության վրա:

Առաջին հայացքից իրենց քաղաքական ուժեր կոչող խմբերը կարծես թե բաժանվում են արևմտամետների, ռուսամետների և կղերաավանդապաշտների, սակայն այս կամ այն իրադարձության նկատմամբ նրանց հակադարձումներն այնքան էլ չեն տեղավորվում պարզ տրամաբանության մեջ:

Տեսեք, Սերժ Սարգսյանը երեք տարի վարում է ԵՄ հետ ասոցացման պայմանագրի ստորագրման գործընթացը, որից հետո, մի քանի օրվա ընթացքում Մաքսային Միությանը միանալու մասին հայտարարություն է անում և շարունակում է ստանալ “արևմտամետների” օժանդակությունն ու կարեկցանկը, որովհետև չար Պուտինը նրան վախեցրել է և ինքը ստիպված է եղել 180 աստիճանով շրջել գործընթացը: Մի կողմ թողնենք այն պարզ հարցադրումը, որ եթե մի քանի օրվա ճնշմանը չի կարողանում դիմանալ, ապա էլ ինչի վրա էր հույսը դրել այդ երեք տարվա ընթացքում, միթե չգիտեր իր հնարավորությունների սահմանը: Եվ այդ ճնշումների արդյունքը ոչ թե իր քայլի արդարացումն է, այլ իր քաղաքականության ողջ սնանկությունը:

Հարցն այն է, թե ինչու նույն “արևմտամետները” շարունակում են խնայել Մաքսային Միության առաջամարտիկի վերածված արևմտամետ վարչապետին ու Սերժ Սարգսյանին:
Մյու կողմից այդ քայլը կարծես թե չողջունեցին ասոցացման պայմանագրին դեմ հանդես եկողները, որոնք որպես ՄՄ-ի հետ ասոցացմանը այլընտրանք արդեն առաջարկում են համապարփակ չեզոքության տարբերակը. ոչ’ ԵՄ, ո’չ ՄՄ: Պարզ է, որ հակառակ դեպքում պետք է, իրենց սկզբունքներից ելնելով, ողջունեին Սերժ Սարգսյանի արարքը:
Այդ իրավիճակը քաղաքական հարթության մեջ պատասխան չունի, սակայն եթե քաղաքական հարթությունից դուրս գանք, կարծես թե պատասխան հնարավոր է գտնել:

Հայաստանը կլանային երկիր է, որտեղ կլանների փոխհարաբերությունների պատմությունն ունի առնվազն քսան տարվա պատմություն: Այդ պատմությունը լի է սպանություններով, փոխադարձ թշնամանքով, սեփականության և ունեցվածքի վերաբաշխումներով: Հայաստանում տիրող իրավիճակն անհամեմատ ավելի լավն է, քան համանման վիճակը Սիցիլիայում կամ Քրդստանում, որտեղ ներկլանային թշնամութունն երբեմն ունենում է մի քանի դարվա պատմություն, սակայն դրանից երևույթը չի փոխվում:
Հայաստանում որոշումների ընդունման հիմքում ընկած չէ պետական շահը կամ քաղաքական սկզբունքներն ու աշխարհայացքը: Որոշումների հիմքում ընկած են անձնական կամ նեղ կլանային շահերը, որոնց գումարվում է ընդդիմադիր կլանի հաղթանակի դեպքում հնարավոր վենդետայից եղած վախը: Այ, աստեղ մենք կարծես թե կարող ենք գտնել ռուսամետների, արևմտամետների և նորաստեղծ հայաստանամետների և նրանց սպասարկող քարոզչամիջոցների տարօրինակ պահվածքի գաղտնիքը:

Եթե Քոչարյան հանկարծ դառնա արևմտամետ, ապա ներկայիս արևմտամետների մի զգալի հատվածը միանգամից կվերածվի կամ ռուսամետների, կամ հայաստանամետներ, կամ էլ թեկուզ թրքամետների: Քոչարյանի իշխանության վերադառնալու վտանգի դեմ պայքարը այսօրվա քարոզչամիջոցների և «քաղաքական» գործիչների մի զգալի հատվածի վարքաբանության միակ շարժառիթն է: Կլանային շահերն ու վախերն այսօրվա քաղաքական կոնյուկտուրայի շարժիչ ուժերն են: Եվ այստեղ է ընկած մի կողմից Քոչարյանի, Տեր-Պետրոսյանի, մյուս կողմից Սերժ Սարգսյանի դեմոնիզացիայի բացատրությունը: Իսկ քաղաքական և արժեքային տարաբնույթ “աշխարհայացքները” և “սկզբունքները” ընդամենը իրական նպատակները, ցանկությունները և վախերը քողարկելու շղարշ են: Միակ ադեկվատ գնահատականը, որի հետ բոլորը կարծես թե համաձայն են, դա Սերժ Սարգսյանի ոչադեկվատությունն է, որն այսօր ընդունում են թե’ “արևմտամետներ”, թե’ “ռուսամետները” և թե’ “հայաստանամետները”, որովհետև Սերժ Սարգսյանի գործունեությունն արդեն ոչ միայն վտանգավոր է իր ընդդիմախոսների, այլև սեփական թիմակիցների և նրանց տիրույթում դիրքավորված տարբեր շահոր հետապնդող խմբերին: