Երիտասարդի բախտը սիրո հարցում չէր բերում: Տարբեր օրիորդների էր հանդիպում… Մեկն այնքան էլ գեղեցիկ չէր, մյուսը՝ գեղեցիկ էր, բայց խելացի չէր, երրորդն էլ՝ կռվարար էր: Նա հոգնել էր կատարելություն փնտրելուց, ուստի որոշում է դիմել իմաստուն ծերունու օգնությանը:
Երիտասարդին ուշադիր լսելուց հետո իմաստուն ծերունին ասում է.
- Տեսնում եմ՝ խնդիրդ շատ մեծ է: Բայց պատասխանիր հարցիս՝ ինչպե՞ս ես վերաբերվում մայրիկիդ:
Երիտասարդը զարմանքով հարցնում է.
- Իսկ ի՞նչ առնչություն ունի մայրս այս խնդրի հետ: Դե, չգիտեմ… Նա հաճախ է բարկացնում իր անհեթեթ հարցերով, հանգիստ չտվող հոգատարությամբ, գանգատներով և խնդրանքներով: Բայց, պետք է ասեմ, որ սիրում եմ նրան:
Ծերունին լռում է, հետո գլուխը շարժում ու շարունակում.
- Դե ինչ, կասեմ քեզ սիրո գաղտնիքը: Իրականում սեր գոյություն ունի, և այն խոր թաքնված է քո սրտում: Սիրո սերմը քո կյանքում շատ կարևոր մարդ է ցանել՝ քո մայրը: Ինչ վերաբերմունք որ ունես նրա նկատմամբ, ճիշտ այդպես էլ վերաբերվելու ես աշխարհի բոլոր կանանց նկատմամբ: Չէ՞ որ մայրն առաջին սերն է. նա է ընդունել քեզ իր հոգատար գիրկը: Թե սիրես մայրիկիդ, կսովորես գնահատել և հարգել բոլոր կանանց: Այդ ժամանակ կտեսնես, որ քո հավանած օրիորդը մի օր կպատասխանի քո սիրուն՝ անուշ հայացքով, նուրբ ժպիտով և բարի խոսքով: Ծնողների հանդեպ մեր վերաբերմունքը մեր երջանկության չափանիշն է:
Երիտասարդը խոնարհվելով շնորհակալություն է հայտնում իմաստուն ծերունուն, որ հեռանա, սակայն ծերունին ևս մեկ խորհուրդ է տալիս նրան.
- Եվ երկրորդը, որպես կյանքիդ ընկեր ընտրիր այն կնոջը, ով հարգում և պատվում է իր հորը: