Րաֆֆին պահանջում է Աշոտյանի հրաժարականը
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը «Ուրբաթ» ակումբում պատասխանեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառմանը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը խախտել է օրենքը եւ երեկ համալսարանում ապօրինի քարոզարշավ արել: Րաֆֆ Հովհաննիսյանը ներկայացրեց, թե ՀՀԿ-ի շնորհիվ ինչ է կատարվում հիմա կրթօջախներում. «Քաղաքապետարանում կանչվում են տնօրենները, ուսուցիչները, մանկավարժները եւ ուղղակի կամ անուղղակի հրահանգ է իջեցվում, թե ոնց պետք է քվեարկեն: Բաժանվում են իշխող կուսակցության շարֆերը: Ես չեմ կարող չհավատալ, որ մեր երկրում գործող նախագահը եւ իր կուսակիցը տեղյակ չէ այս ամենից: Ես պահանջում եմ, որ մեր հիմնական մրցակիցը զեկույցով հանդես գա, թե արդյոք ճիշտ է այդ տեղեկությունը, որ համալսարաններում լինում է քարոզչական աշխատանք:
Եթե կա բարոյականության նվազագույն շեմ, ես հրաժարական պահանջող չեմ, բայց գործող նախարարը ինքը այդ սուտի դիմաց արժի դիտարկել սեփական հրաժարականը: Եթե որեւէ մեկը հիմա իրեն, իր տիրույթում գտնվող հաստատություններում՝ դա դպրոց է, բանակ, այն մարդը, որ խախտում է Սահմանադրությունը, հրահանգում է թեկուզ մի աչքի թրթիռով իր ենթակային, պետք է պատժվի: Ես կոչ եմ անում պարոն նախագահին: Սուտ է այդ գրանցումը խորամանկ եւ գրագետ նախարարի, որ ես քարոզչություն եմ իրականացրել որեւէ բուհում»:
Պարոն Հովհաննիսյանը պատմեց, թե ինչ է արել երեկ՝ ԶԼՄ-ների ներկայությամբ. «Ես ներկայացրեցի արդի հայ պատմության գիրքը մեր գրադարաններին, առավելագույնը ասացի բարի ընտրություն եւ այդտեղ որեւէ քարոզչություն չկա: Այդ նույն նախարարը, որ բան ու գործը թողած, պաշտոնը թողած կեսգիշերային գրառում է անում, կուսակցականացնում են մեր ոսանողներին եւ դա աններելի, անթույլատրելի է: Պետք է ապակուսակցականացվեն ողջ համալսարանները, այդ թվում՝ բանակը: Բայց դա չի նշանակում, որ պիտի պաշտոնյա դառնաս, որ գնաս չափահաս ուսանողին բարեւ ասես, բանավեճի մեջ մտնես: Ոչ կուսակցապետության, ինչպես իրենք են ստեղծում, բայց քաղաքական, ազատ խոսքի, ազատ բանավեճի համալսարանում: Ես թեկնածու եմ եւ իրավունք ունեմ մուտք գործել այնտեղ, որտեղ մնացյալ թեկնածուները, այդ թվում՝ կարգավիճակով հավասար համալսարան, բանակ, հիվանդանոց: Առաջին հերթին պարոն նախարարը պետք է պատասխան տա, որովհետեւ նա հակաճառում է գործող նախագահին, որ սա լինելու է Սահմանադրական, ազատ, անկախ ընտրություն: Ի՛նքն է խախտել, եւ ինքը պետք է պատասխան տա: Չնայած Աշոտյանը մերժել է իմ խնդրանքը որպես թեկնածու հանդիպում ունենալ ուսանողների հետ, չափահաս մարդկանց հետ բանավեճ, ինքը մերժել է իմ խնդրանքը, բայց ես դիմել եմ կրկին անգամ բոլոր բուհերի ռեկտորներին, որ ինձ հնարավորություն տան հանդիպել իմ համաքաղաքացի ուսանողների, պրոֆեսորների, դասախոսների հետ»:
Aravot.am-ի հարցին՝ դուք ներկայացրեցիք, որ հրահանգ է իջեցվում, ՀՀԿ-ականները կասեն՝ կա՞ որեւէ ապացույց, հակառակ դեպքում, եթե չկա՝ դա անհիմն հայտարարություն է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Թող բառախաղ չլինի գործող նախագահից: Թող ինքը կա՛մ հաստատի, կա՛մ հերքի այդ տեղեկությունը: Ես եթե իմ խոսքը գործ անեմ, այդ հարցը պետք է լուծեմ այդպես, կամ էլ, եթե ինքը հերքում է, այդ հերքումը իմ ապացույցներ ձեռք բերելու պարագայում դառնում է կրթության եւ գիտության նախարարի խոսքերի նման սուտ ու կեղծիք»