Դոքտոր Ժիրայր Քոչարյան, Բեռլին
---------------------------------------------
«Ղրաբաղի Միջազգային Խորհրդաժողով», որը պիտի կայանա
2013թ. Նոյեմբերի 6-ին, Թաւրիզի համալսարանի Վահդատ սրահում

Յուլիսի 25-29-ը Բաքույի կառավարութիւնից «Ղարաբաղի ազատագրման» 15 ակտիվիստներ եղան Իրանի Իսլամական Հանրապետութեան (ԻԻՀ) հիւրերը, այցելեցին Թավրիզ և Առդաբիլ քաղաքները: Նրանց գլխաւորում էին Աքեֆ Նաղի «ոչ պետական կազմակերպութիւնների միաւորման» ինչպէս նաև «Ղարաբաղի իսլամական դիմադրական շարժման» Ռոշան Ահմադլի նախագահները:
Նիւթերի ոլորտն էլ բաւականին ընդարձակ էր , քաղաքական, աշխահագրական, ճարտարապետական, կրօնական, գրական, գիտական, (տես մանրամասն arannews.ir կայքէջում):
Այս կապակցութեամբ Թաւրիզի համալսարանի ռեկտոր, Դոկտ. Աժիդեհը, ի միջի այլոց ասել է՝ «ղորանը մեր մարգարէի յաւերժ հրաշքն է, եթէ նրա պատուերները իրականացուի, աշխարհը դրախտ է դառնալու, որը և իսլամ աշխարհի բոլոր խնդիրների բանալին է: Ղարաբաղում իսլամի և մուսլմանների փառքն ու պատիւը, պիտի յարգուի... և մտածենք Ղարաբաղի ազատագրման մասին: Միջազգային համագումարը կարևոր գործ է , որի նպատակն է մուսլմանների արդար ձայնը ամբողջ աշխարհին հասցնել»:
Յանձնախումբը հանդիպել է Առդաբիլ քաղաքի գլխաւոր հոգևորական և Խամենէյի ներկայացուցիչ Այաթոլլահ Սէյեդհասան Ամելին, ով ուրբաթօրեայ աղօթքից յետոյ, յայտնել է յանձնախմբի անդամներին՝ «նկատի առնելով այսօրուայ վիճակը, Ղարաբաղի ազատագրումը դժուար խնդիր է, և խնդրի միակ լուծումը գտնւում է Ադրբէյջանի և իսլամական պետութիւնների համագործակցութեան մէջ»:
Իսկ Մոջթահեդ Շաբասթարին, Թաւրիզ քաղաքի գլխաւոր հոգևորականը և դարձեալ Խամենէյի ներկայացուցիչը, շեշտել է ի միջի այլոց «Լեռնային Ղարաբաղի վերադարձնելն Ադրբէյջանին ԻԻՀ-եան պաշտօնական դիրքորոշումն է, և Իրանը պատրաստ է Լեռնաիյն Ղարաբաղի իսլամներին օժանդակելու»: Քազեմ Ջալալին ԻԻՀ-եան խորհրդարանի պատգամաւորը, որը մէկ ամիս առաջ էր ուղևորուել Բաքու, յայտել էր նոյն տեսակէտը:
Այս առթիւ Մուբառեզ Ահմադօղլին, 2013թ. Յուլիսի 25-ին, ըստ «525» թերթի, շեշտել է գիտաժողովի կարևորութիւնը, յաւելացնելով Վրաստանի և Իրանի դերն ու հովանաւորչութիւնը, ընդգծելով՝ «Ադրբէյջանի յարատև հզօրացումը փաստ է, և Վրաստանը միայնակ ի վիճակի չէ Ջաւախքի հաւանական խռովութիւնը զսպելու և այս հարցում Ադրբէյջանն և Թուրքիան կանգնած են Վրաստանի կողքին»: Նա արժեաւորել է Շաբեսթարիի յայտարարութիւնը, շեշտելով՝ «այն շատ անհաճոյ էր հայերին, Իրանը մտադրուած է գիտաժողովը անցկացնել Թաւրիզի համալսարանում, որի օրակարգում Ղարարբաղը ներկայացուելու է որպէս մուսլմանական հող: Իրանը հակամարտութեան տարածքի հարևանն է, և այս արտակարգ առիթ է խնդրի լուծման առնչութեամբ»:
Բաքույից ժամանած յանձնախումբը հիւր եղաւ և ծանօթացաւ «մշակոյթային և միջազգային ուսումնասիրութեան Առան հաստատութեանը», որտեղ ներկայ էին մի քանի պատգամաւորներ ԻԻՀ-եան խորհրդարանից: Մոհամադ Իսմայիլ Սայիդին, Թաւրիզ քաղաքի պատգամաւորը, հաճոյախօսելով, մեջբերեց բանաստեղծ Շահրիեարից մի երկտող՝ «Արաքս գետը թրի պէս բաժանել է Կովկասը Իրանից»: Իսկ Մոլքան քաղաքի պատգամաւոր Աֆղամին, յիշեցրեց «Ղարաբաղի խնդրի լուծման գլխաւոր արգելքը՝ Բաքույի կառավարութեան ցանկութեան բացակայութիւնն է»:
Իսլամական մարդու իրաւունքների եօթերորդ շրջանի յանձնախմբի, արտաքին յարաբերութիւնների քարտուղար Դոկտղ Ահմադ Հոսէյն Անզաբին « Ղարաբաղի հակամարտութեան պատճառներն ու հոլովոյթը» սեմինարում յայտնել է, որ «սիոնիստներն էլ, թէ Ղարաբաղի և թէ Ադրբէյջանի վերջին խնդիրներում մասնակից են» և յաւելացրել է՝ «ողբերգութիւնը, որ 1992թ. Խոջալու քաղաքում, հայերի կողմից իրականացուեց այն սովորական տերորիստական արարք չէր, այլ մի նախընթաց չունեցող մարդկութեան դէմ ոճրագործութիւն, որը միջազգայնօրէն պիտի բացայայտուի»:
Բաքույի ակտիւիստները առաջին օրն իսկ՝ երեքշաբթի Յունիսի 25-ին, ճաշի էին հրաւիրուած Թավրիզի քաղաքապետարան, որտեղ քաղաքապետ Մոհանդէս Նաւին ողջունել է հիւրերին յիշեցնելով շուրջ մէկ միլլիոն ազերի փախստականների անօթևան վիճակի մասին և յոյս էր յայտնել, որ «շուտով վերջանալու է Ղարաբաղի զաւթումը, իսլամական պայքար, մարտիրոսութիւն ուսուցման իրականացման հետևանքով»:
Իբրահիմ Աւան, Ղարաբաղի զոհուածների և հաշմանդամների հասարակական միութիւնների հիմադրման նախագահը, Թաւրիզի համալսարանում տեղի ունեցած սեմինարի ժամանակ յիշեցրեց, որ «բռնազաւթիչ հայերը աշխարհում որևէ յարգանք չեն վայելում և համարում են ատուած, որովհետև, փաստուած իրականութիւն է, թէ նրանք արժանի չէին իսլամին հաւատք ընծայելու, և այսպիսով նրանց խարդախութիւնը բոլորին յայտնի է դարձել»:
Յանձնախմբի բուն նպատակը՝ Թաւրիզ ժամանումը և մասնակցութիւնը «սեմինար»-ին, նախապատրաստումն է եղել այս տարուայ Նոյեմբեր 6-ին Թաւրիզում կայանալիք «համագումարի»:
Այս առնչութեամբ azariha.org կայքէջը (ազգայնական և դէմ Փանթուրքիզմին), ի միջի այլոց գրում է «Թաւրիզում տեղի ունենալիք գիտաժողովը դէմ է ԻԻՀ-եան արտաքին չեզոք-աքտիւ քաղաքականութեանը և քննադատում է Արցախեան տարածքային հակամարտութեան որակաւորումը որպէս կրօնական», և յիշեցնում է թէ, Հասան Ռոհանին, նորընտիր Նախագահը, երբ անվտանգութեան բարձրագոյն խորհրդի քարտուղարն էր, Բաքույի կառավարութեանը դասել էր ԻԻՀ-եան անւտանգութեան համար, վտանգաւոր:
Յիրաւյի, համագումարի կազմակերպիչները փանթուրքական հովերով տարուած, փորձում են հակամարտութեանը տալ կրօնական երանգ, և, ինչպէս միշտ, Փանթուրքիստները, ներկայիս էլ, չարաշահում են իսլամը: Օրինակի համար, գիտաժողովի թեմաներից մէկն է շիա-իսլամի ուսմումքը՝ ջիհադ (հաւատքի համար պատերազմ) և շահադաթը (մարտիրոսութիւն), Ղարաբաղի «ազատագրման իսլամական պայքարում»:
ԻԻՀ-եան տարածքային մասնատումը անմիջապէս առնչում է ՀՀ անվտանգութեան հետ, լինի այդ Իսրայէլ/ԱՄՆ յարձակման արդիւնք և կամ Իրանի Ատրպատական նահանգի (որին Բաքույի կառավարութիւնը և Փանթուրքիստները հարաւային Ադրբէյջան են անուանում) կցումը Բաքույի կառավարութեանը, որտեղ ապրում են , իրենց տուեալներով 20-25 միլլոն թուրք-ադրբէյջանցիներ, որոնց թրքական ազգային գիտակցութիւնը ի շնորհիւ փանթուրքիստական քարոզչութեան վերջին տասնամեակում վերելք է ապրել, և հակաիրանակնութիւնը ակնյայտ են (Ֆութբոլի մարզահրապարակներում, Ուրմիա լճի չորացման առթիւ, Ատրպատական նահանգը «հարաւային Ադրբէյջան անուանումով, կազմակեապելով հակաիրանական գիտաժողովներ արտասահմանում և Բաքւում, որոնցից վերջինը տեղի է ունեցել այս տարուայ Մարտի 30-ին, տես «Հարաւային Ադրբէյջանի վաղը»):
Հարկաւ, պատմական դիտանկիւնից նայած, հարցը այնքան էլ զարմանալի չէ, երբ մերօրեայ փանթուրքիստները իբրև կրօնականներ, որոնք առ երես իբր ատում են ցիոնիստներին, սակայն արդարացնում են Բաքույի կառավարութեան և Իսրայէլի յարաբերութիւնները, իբրև թէ Ալիևը ներմուծելով իսրայէլեան նոր տեխնոլոգիան բարձրացնում է երկրի տնտեսութիւնը, իսկ իսրայէլական զէնքերով, մուսլման ադրբէյջանցիներին, վերադաձնելու է հայերի կողմից բռնագրաւած Ղարաբաղը (տես, Ռուհօլահէ Սալեհի-ի յօդուածը arannews.ir-ում):
Ըստ երևոյթին, Թաւրիզում և Թեհրանում, ՀՀ և Լեռնային Արցախի Հանրապետութեան (ԼԱՀ) նկատմամբ տարբեր քաղաքականութիւն են կիրառւում: Այս տարուայ Ապրիլի 24-ին, Իրանի խորհրդարանի փոխնախագահ Սէյեդ Մոհամադհոսէյն Աբութառաբիֆարդը դատապարտել է հայոց դէմ ոճրագործութիւնը, յայտարարելով՝ «հայերին կոտորողները, այժմ Պաղեստինում և Սուրիայում են ոճրագործութեամբ զբաղուած, պաշտպանելով ցիոնիստական ռեժիմը...»: Միչդեռ Թաւրիզի համալսարանի, վահադատ սրահում, մասնակցութեամբ շուրջ եօթ համալսարանների և բազմաթիւ գիտական և լրատուական հաստատութիւնների աջակցութեամբ, հակահայկական, հակաարցախեան «գիտաժողով» է տեղի ունենալու:
Անհրաժեշտ է, որ հայ իրանագէտները ուշադրութիւն ընծայեն այս «գիտաժողովին» և ՀՀ ԱԳՆ-ը պարզաբանում պահանջի ԻԻՀ-եան դեսպանից Հայաստանում, ինչպէս որ, ԻԻՀ պարզաբանում պահանջեց Բաքւի կառավարութեան դեսպանից Թեհրանում՝ Բաքւում տեղի ունեցած «Հարաւային Ադրբէյջանի վաղը», 2013թ. Մարտի 30-ի գիտաժողովի կապակցութեամբ: ՀՀ և ԼԱՀ անվտանգութիւնն ու ճակատագիրը չի որոշւում միայն գերպետութիւնների մայրաքաղաքներում այլ նաև հարևան երկրների տարած քաղաքականութեամբ, որի վրայ կարող են ազդել ՀՀ և ԼԱ Հանրապետութիւնները, յատկապես աչքի առաջ ունենալով մեր ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը, որից բխում է արտագաղթը: Փանթուրքիզմի գաղտնի ու բացարձակ վերելքը Բաքւի Կառավարութիւնում, ԻԻՀ Ատրպատական նահանգում և յատկապէս Թուրքիայում, ՌԴ՝ Մեր դաշնակցի բռնած դիրքորոշումը (վաճառելով մէկ միլլիառդ դոլարի զէնք Բաքւին, սակայն յայտարարում է «Արցախեան հիմնահարցը, միայն խաղաղ միջոցներով պիտի լուծուի»), Բաքույի փեթրոդոլարների հակահայկական քարոզչութիւնը Թուրքիայի օգնութեամբ, որը ազդում է ԱՄՆ-ում, Եւրոմիութիւնում ԻԻՀ -եան Ատրպատական նահանգի շուրջ 15 միլլոն ազերի-թրքալեզու բնակչութեան վրայ և ամենամտահոգիչը՝ կազմաւորւում է ազերիական էթնիքը, հիմք ունենալով հայատեածութիւնը և ներկայիս էլ ամրապնդւում է կրօնով և նրա «պայքար և մարտիրոսութիւն» ուսմունքով:
Ամփոփում: ԻԻՀ-եան և Բաքույի կառավարութիւնների միջև առկայ են
հակամարտութիւններ, թուարկենք մի քանիսը. Կասպից Ծովի հետ կապուած խնդիրները, Իսրայէլի հետ Բաքույի ջերմ յարաբերութունները, Իրանի Ատրպատական նահանգի, թրքախօս զանգուածի Փանթուրքիզմ քարոզելն ու հակաիրանական տրամադրութիւնների հրահրումը, հողային հաւակնութիւնը Իրանի Ատրպատական նահանգի նկատմամբ, այն անուանելով «Հարաւային Ադրբէյջան», կազմակերպումը հակաիրանական համագումարների՝ վերջինն այս տարուայ Մարտի 30-ին, Բաքու քաղաքում, Իրանի կրօնական համակիրների նկատմամբ հալածանք և այլն:
Այսուամենայնիւ, Իրանի, յատկապէս Ատրպատական նահանգի, որոշ պատասխանատուներ հակուած են հաւատալու, թէ Բաքւին կրօնով «դարձի կբերեն» և Բաքւի Փանթուրքիզմը և հողային պահանջները կչէզոքացնեն:
Իրողութիւն է, թէ ԻԻՀ խորհրդարանի փոխնախագահը իր բառերով դատապարտել է հայկական կոտորածները, այն էլ Ապրիլի 24-ին և ներկայիս նախագահ՝Հասան Ռոհանին էլ չի վստահում Բաքւի կառավարութեանը:
Փաստ է, որ ԻԻՀ երեք բարձրաստիճան պաշտօնեաներ, վերջերս յայտարարեցին ԻԻՀ օժանդակութիւնը Բաքուին, պատերազմի ընթացքում, և ինչպէ՞ս և ո՞ր ճանապարհով 1000-1500 (որոշ տուալներով 1650) Աֆղան վարձկանները իրենց զէնքերով յայտնուեցին Բաքւյի կառավարութեան սահմաններում և պատերազմին մասնակցեցին հայկական ուժերի դէմ, որին նաև ակնարկում է azariha.org իր քննադատական յօդուածում ի դէմ Թաւրիզում տեղի ունենալիք «միջազգային կոնֆերանսին»:
Չկա՞յ միասնական քաղաքականութիւն Արցախեան հիմնահարցի նկատմամբ ԻԻՀ-ում: Բաքույի կառավարութեան պաշտպանները Ատրպատական նահանգի թրքախօս ազերիներն են, և այս նշանակում է, թէ ԻԻՀ զիջումնե՞ր է անում նրանց, և այն էլ երբ ԻԻՀ 30 տարիներից ի վեր ԱՄՆ և Արևմուտքի դէմ յաջողութեամբ է դիմադրում:
Բաքույի կառավարութիւնը նոյն յաջողութեամբ է ազդում Թուրքիայի, ԱՄՆ-ի և Արևմուտքի վրայ:
Այսուամենայնիւ մեզ աւելի պիտի մտահոգեն Ատրպատական նահանգի միլլոնաւոր թրքամոլ-կրօնական ազերիները, քան Բաքուի կաշառակեր-օլիգարխիկ կառավարութիւնը:

Յ.Գ.:Առանը, մի կեղծարար, բանսարկու և ստախօս կազմակերպութիւն է, որն իսլամական քողի տակ թրքականութիւն է քարոզում: Առանը համայն աշխարհին յայտարարեց, թէ շուրջ 1500 միասեռական հայեր ուղևորուել են Բաքու Եւրոտեսիլ մրցոյթ-տօնակատարութիւններին մասնակցելու, թէպէտև հանրայայտ է, որ Հայաստանը ընհանրապէս չի մասնակցել: Դժբախտաբար Առանը մեծ լսարան ունի, քանի որ, իր «յաճախորդները», հէնց իր մակարդակին են: Նոյն ինքն այս կեղծարարը, գլխաւոր գրգռիչն ու կազմակեապիչն է «Ղարաբաղի միջազգային կոնֆերասի»:

Յուլիս 2013թ.
Դոկտ. Ժիրայր Քոչարեան