Օգոստոսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին էին այցելել շուրջ 200 երիտասարդներ՝ շնորհավորելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան տարեդարձի առիթով և իրենց հավատարմությունը, նվիրվածությունն ու զորակցությունը հայտնելու Հայ Եկեղեցուն: Երիտասարդները ներկայացնում էին Հայ Եկեղեցու երիտասարդաց միավորումը, «Մայր Աթոռի Քարոզչական կենտրոն» խումբը, «Եկեղեցասեր երիտասարդներ» կառույցը, բուհական երիտասարդական միությունները, Մայր Աթոռի «Մանանա» երիտասարդական-քրիստոնեական ծրագիրը, ինչպես նաև «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը», «Ռուսաստանի հայերի միության» և «Համաշխարհային հայկական կոնգրեսի» երիտասարդաց կազմակերպությունը, «Սերունդ», «Երիտասարդություն», «Երիտասարդներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունները:
Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա ՀԵԵՄ հոգևոր պատասխանատու Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանը եկեղեցասեր երիտասարդների անունից շնորհավորեց Հայոց Հայրապետին ծննդյան 62-րդ տարեդարձի առիթով: Երիտասարդական կառույցների ողջույններ և բարեմաղթանքներ Նորին Սրբությանը փոխանցեցին նաև տարբեր կազմակերպությունների պատասխանատուները: Այնուհետև հոգևոր երգերի կատարումներով հանդես եկավ նորաստեղծ «Հավատամք» երգչախումբը:
Վերջում երիտասարդներին իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը իր գնահատանքը հայտնեց երիտասարդներին' Հայ Եկեղեցու շուրջը համախմբվելու, Եկեղեցու հոգևոր առաքելության իրականացմանն աջակից լինելու համար' արձանագրելով, որ ազգի շարժիչ ուժը' երիտասարդությունը, նախանձախնդիր է իր Եկեղեցու կյանքի նկատմամբ, հավատարիմ' հայրերի սուրբ հավատքին ու ժառանգությանը, նվիրական սրբություններին ու ավանդույթներին: Նշելով, որ Հայրենիքը զորանում և Եկեղեցին փառավորվում ու պայծառակերպվում է, երբ աստվածահաճո կյանքով է ապրում ողջ ազգը, նրա բոլոր զավակները' Վեհափառ Հայրապետը հորդորեց երիտասարդներին միշտ Եկեղեցու օրհնության ներքո մնալ և մասնակիցը դառնալ Եկեղեցու առաքելությանը' ժողովրդին քրիստոնեական արժեքներով առաջնորդելու, նրա կյանքն այդ արժեքների վրա խարսխելու: Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց երիտասարդներին իրենց աղոթքով, հավատով և գործերով միշտ պայծառ ու շեն պահել մեր սուրբ Եկեղեցին:
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը պատասխանեց երիտասարդներին հուզող հարցերին, որոնք առնչվում էին Եկեղեցու առաքելության իրականացման ճանապարհին երիտասարդների հնարավոր աջակցությանը, Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարման գործում երիտասարդության ներգրավվածությանը:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, երիտասարդական խմբերի պատասխանատուներ Տ. Երեմիա աբեղա Աբգարյանը, Տ. Թովմա աբեղա Խաչատրյանը, Տ. Հակոբ քահանա Խաչատրյանը և Գեղամ սարկավագ Ավետիսյանը: