ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ասում են, սովորություն ունի հաճախ իր մոտ հրավիրել համայնքային բյուջեների մուտքերը թերակատարած համայնքապետերին և ստիպելու, որ նրանք առավել բարձրացնեն հավաքագրումների մակարդակը: Սակայն, չգիտես ինչու, փոխվարչապետը այդպես էլ չի հետևում, թե տարաբնույթ դատական պրոցեսների, համոզելու, լծակներ կիրառելու և, ինչու չէ, բարեխիղճ հարկատուների հաշվին գոյացող համայնքային բյուջեները ինչպիսի անփույթ ձևով են ծախսվում: Շատ համայնքապետեր իրենց պապական բոստանը և համայնքային գանձատունը միմյանցից չեն տարբերում: Նայեք փոքր քաղաքների և գյուղերի աշխատակազմերի հաստիքացուցակները' հազիվ մի քանի տուն ունեցող գյուղի գյուղապետը ունի տեղակալ, գործավար, քարտուղար, հաշվապահ, գանձապահ և մի քանի այլ ավելորդ հաստիքներ այն դեպքում, երբ պարապությունից գյուղապետը ինքն է երբեմն գյուղում տավարի հերթի գնում: Այդ ամբողջ համաստեղության փոխարեն կարելի էր ունենալ մեկ հոգի' մի քիչ տանելի աշխատավարձով, որը նորմալ աշխատանքային ծանրաբեռնվածությամբ կապահովեր գյուղական գրագրության կազմակերպումը: Ավելի վատթար է վիճակը հանրապետության քաղաքներում, որոնց հաստիքացուցակները առնվազն 15-18 հաստիքով ուռճացված են: Խնդիրը հետևյալն է' համայնքապետի ընտրություններում հաղթած թեկնածուն ստիպված է բավարարել իր աջակիցների' հարազատներից որևէ մեկին աշխատանքի տեղավորելու պահանջը, որի արդյունքում համայնքներում ավելանում են անհեթեթ պաշտոններ' անհեթեթ պաշտոնյաներով: Ամենահամեստ հաշվարկներով' համայնքապետարաններում ուռճացված հաստիքների պատճառով տարեկան ՀՀ-ում փոշիանում է 90 միլիարդ դրամ: Համոզվելու համար միջինացրեք մեկ համայնքին ընկնող ավելացված 4-5 հաստիք, բազմապատկեք այն միջինից շատ ցածր աշխատավարձով' 60000 դրամ, և բազմապատկեք հանրապետության համայնքների թվով, ահագին գումար էլ հանեք' սխալը բացառելու համար: Այսինքն տարեկան 90 մլրդ դրամ' գոյացած հարկատուների միջոցներից, փոշիացվում է միայն նրա համար, որ համայնքապետերը լավություն անեն իրենց բաջանաղներին կամ ընտրարշավի ժամանակ խոստացած աշխատատեղը նվիրեն հերթական "մեր ընկերոջը": Դուք պատկերացնում եք, թե քանի կիլոմետր ասֆալտ է այդ 90 մլրդ դրամը, քանի կառուցված զբոսայգի է, դպրոց, մանկապարտեզ, քանի բարելավված ենթակառուցվածք է տարեկան: Այն գումարները, որ համայնքների բնակիչները վճարում են իրենց կյանքի որակի բարելավման նպատակով, փոշիացվում է սրան-նրան լավություն անելու համար:
Ինչու Արմեն Գևորգյանը, որ սիրում է համայնքապետերին պատժել բյուջեի թերակատարման համար, չի ստիպում նպատակային ծախսել այդ գումարները և տարիներ շարունակ աչք է փակում տարեկան 90 միլիարդի փոշիացման փաստին...
Իհարկե, ուռճացման խնդիրը միայն համայնքներում չէ, և մենք ոլորտ առ ոլորտ, փաստարկված, բոլորին կանդրադառնանք...