Լուրեր են սկսել շրջանառվել այն մասին, որ վերջերս Թուրքիա ժամանած սիրիացի քրդերի առաջնորդներից մեկին թուրքական պաշտոնատարները տեղեկացրել են, որ Թուրքիան դեմ է, որ Սիրիայի քրդերը միակողմանիորեն իրենց ինքնավարությունը հռչակեն: Նրանք հայտարարել են, որ Թուրքիայի համար Սիրիայում քրդական ինքնավարության հռչակումն ընդունելի կլինի միայն այն դեպքում, եթե այդ քայլը համաձայնեցված լինի Նախագահ Ասադի դեմ պայքարող ընդդիմության ղեկավարության հետ, ինչը հավասարազոր է այն բանին, որ սիրիացի քրդերը բացահայտորեն անցնեն ընդդիմության կողմը: Թուրքերի կողմից Սիրիայում քրդական ինքնավարությունը ճանաչելու երկրորդ նախապայմանն էլ այն է, որ սիրիացի քրդերը պետք է ձեռնպահ մնան Թուրքիայի տարածքային ամբողջականության համար վտանգ ներկայացնող ցանկացած գործողությունից: Նախագահ Ասադի դեմ քրդական ներուժի օգտագործման հեռանկարը գայթակղիչ է Թուրքիայի համար, քանի որ այդպիսով հնարովորություն կստեղծվի միաժամանակ և Սիրիայի տրոհման, և քրդական ազատական շարժումների ուշադրությունը Թուրքիայի տարածքից հերթական անգամ շեղելու համար: Հաշվի առնելով այն, որ ըստ ստացվող տեղեկությունների, հատկապես ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի կողմից հովանավորվող սիրիական ընդդիմությունը ռազմավարական նշանակություն ունեցող Հոմս քաղաքում լուրջ պարտություն է կրել ու կորցրել իր հենակետերը, կարելի է ենթադրել, որ Թուրքիայի կողմից սիրիացի քրդերին արված առաջարկները կարող են հետաքրքրել նաև այդ պետություններին, որոնք ևս շահագրգռված կլինեն տեսնել քրդերին Ասադի հակառակորդների ճամբարում: Այս ամենը դժվարությունների առջև կարող է կանգնեցնել Սիրիայի քրդաբնակ շրջաններում բնակվող հայությանը և անհրաժեշտ է մեր հայրենակիցներին առնվազն քաղաքական աջակցություն ցույց տալու ուղիներ մշակել: