Պատկերացրու, որ մենք կանգնած ենք կլոր սեղանի մոտ: Կանգնած ենք իրար դիմաց: Ես նայում եմ քեզ: Դու ժպտում ես. համաձայն ես: Դեպի քո կողմ եմ մեկնում սփռոցը: Միասին փռում ենք սեղանին: Աչքերիդ մեջ ինչ-որ վախ կա. այսուայնկողմ ես նայում: Ժպտում եմ քեզ, փորձում եմ բացատրել, որ, հա, ես էլ եմ վախենում, ես ինքս էլ առաջին անգամ եմ այս սեղանի շուրջ ու այս սփռոցն էլ նոր է, անծանոթ: Բայց դա պատճառ չէ նահանջելու համար: Նայում եմ քեզ վստահ, համաձրակ: Չէ՞ որ ինքդ էլ հաճախ կրկնում ես, որ ռիսկը գործի կեսն է, ռիսկն իրենով իսկ հաճույք է: Ու հիմա, երբ ճիշտ ժամանակն է ռիսկի գնալ ու հաճույք ստանալու, դու փախցնում ես աչքերդ ու նայում պատերին: Շարունակում եմ ժպտալ քեզ: Դե՜, մի վախեցիր: Ի պատասխան թույլ ժպիտ եմ ստանում: Էլի լավ է:

Իմ դիմաց դնում եմ ափսեն : Նույնը կրկնում ես դու: Ափսեից ձախ պատառաքաղն եմ դնում: Զգում եմ, որ տատանվում ես: Խորը շունչ. քո ափսեի կողքին էլ պատառաքաղ է հայտնվում: Ուղղում եմ մազերս, ինձ ավելի վստահ եմ զգում: Ափսեից աջ դնում եմ դանակը: Նայում եմ քեզ, գլուխս մի փոքր իջեցնում եմ աջ ուսիս մոտ ու շարունակում ժպտալ:

Մի վայրկյան ետ ես նայում: Քո ետևում կա սեղան, որի վրայի դրված սպասքն անկանոն շարված է: Պատառաքաղները կեղտոտ են, անձեռոցիկները ՝ ճմրթված, բաժակները ընկած են սեղանի վրա, սփռոցի վրա գինու՝ արդեն իսկ չորացած հետքեր են: Ափսեների վրա փոշի է նստել: Հետո նայում ես ինձ: Հետո նայում ես աջ:

Աջ կողմում սեղան է, որն ամբողջությամբ պատրաստված է ոսկուց: Մետաքսե սփռոց: Ճենապակե սպասք: Նույնիսկ դանակներն ու պատառաքաղներն են ոսկեջրած: Սեղանի մեջտեղում ինչ-որ սպասքի տեսակներ կան, որոնց գոյության ու գործածության մասին մենք չգիտենք բացարձակ ոչինչ: Մոմակալների վրա նախշեր են փորագրված: Ես սպասում եմ մինչև դու հատ-հատ կնայես այդ ամենին, կուսումնասիրես: Նայում ես հետ: Նորից նայում աջ: Նայում ինձ: Աչքերով ցույց եմ տալիս դանակը, նայում աչքերիդ մեջ ու հուսադրող ժպտում: Դանակը վերցնում ու դնում ես ափսեի մոտ: Մի պահ ուզում եմ հավատալ, որ ամենադժվար փուլը մենք հաղթահարեցինք:

Պատկերացրու, որ հենց այդ պահին ձեռքիս անձեռոցիկը հանկարծակի ընկնում է գետնին: Կռանում եմ, վերցնում: Երբ կանգնում եմ, տեսնում եմ, որ դու մոտեցել ես աջ կողմում դրված սեղանին, մեծ ուշադրությամբ զննում ես մոմակալների նախշերը: Բայց վախենում ես դիպչել: Ես անձեռոցիկը դնում եմ դանակի տակ ու թեթևակի հազում: Նայում ես ինձ: Գլուխդ կախում: Բարձրացնում: Մոտենում այն սեղանին, որը դրված էր քո ետևում:

Ես իմ ափսեի մոտ ավելացնում եմ բաժակ՝ գինի խմելու համար:

Դու ձեռքդ տանում ես սփռոցի վրա արդեն իսկ չորացած գինու կաթիլների մոտ ու փորձում քերել դրանք: Ես վերցնում եմ գինին ու լցնում բաժակի մեջ: Քո մատների վրա ուղղակի կարմիր փոշի է նստում:

Գինու բաժակի կողքին դնում եմ բաժակ՝ հյութ խմելու համար:

Դու սրբում ես ափսեի փոշին ու զարմացած նայում ափիդ. կարծես չգիտեիր, որ կեղտոտվելու ես: Մի պահ արագ քայլերով գնում ես դեպի ոսկեջրած սեղանը: Կանգնում: Միքանի քայլ հետ գնում: Նայում ինձ: Ես ժպտում եմ, չնայած ժպիտս արդեն ծամածռություն է դառնում:

Վերադառնում ես քո հին սեղանի մոտ: Ուսումնասիրում պատառաքաղները, փորձում վառել արդեն վաղուց հանգած մոմերը. չի ստացվում:

Սեղանի իմ անկյունն արդեն պատրաստ է: Նայում եմ սեղանի քո հատվածին: Իմ առջև դրած գինու բաժակի մեջ չգիտես որտեղից հայտնված արցունք է կաթում: Ես շարունակում եմ համառել ու ժպտալ, կանչել քեզ հայացքով, խնդրել, որ գաս ու սպասքադրես սեղանի քո հատվածը: Այնպես է ստացվել, որ սեղանի մոտ ամեն մարդ իր տեղն ունի, հատվածը: Այն, ինչ պիտի անես դու, ես անել ուղղակի անկարող եմ: Միքիչ հետ եմ գնում, կանգնում ու սպասում քեզ:

Դու շարունակում ես ուսումնասիրել փոշոտ սպասքեղենը:

Ժպիտս մաքրվում է դեմքիցս:

Դու քերում ես սփռոցի վրայի գինու հետքերը:

Ես ևս մի քայլով ետ եմ գնում:

Դու վերցնում ես մեր սեղանից լուցկին ու փորձում վառել ետևիդ սեղանի կիսափլված մոմը: Մոմը չի վառվում: Դա գիտեի ես: Գիտեիր նաև դու: Լուցկին դնում ես մեր սեղանի վրա ու մեղավոր նայում ինձ: Մեծ դժվարությամբ ժպտում եմ: Արագ լրջանում:

Պատկերացրու, որ շրջվում ու դուրս եմ գալիս սենյակից՝ չմոռանալով բաց թողնել սենյակի դուռը: Ոչ թե նրա համար, որ վերադառնամ, այլ որպեսզի դու ունենաս հնարավորություն ցանկության դեպքում ինձ հասնելու ու սպասքադրումը շարունակելու:

Պատկերացրու….ու հավատա, որ այն մոմերը, որոնք կիսափլված են ու ինչ-ինչ պատճառներով մեջքիդ ետևում են, էլ երբեք չեն վառվելու: Պատկերացրու ու հավատա, որ նոր սպասքադրվող սեղանի լուցկին տանելով կիսքանդված սեղանի մոտ դու ոչինչ չես վերականգնի. միայն անիմաստ լուցկի կվառես: Պատկերացրու ու հավատա, որ բյուրեղյա սպասք ու ոսկեջրած սեղան քեզ պետք չի: Պատկերացրու ու հավատա, որ ես էլ հետ չեմ գա: Բայց նաև դուռը միշտ կմնա բացված: