Պապիից հետո՝ … նո՛ր տարի

Մինչ դու գնացեր,

Եւ զերկիրս ամենայն ընդ քեզ տարար,
Ես աւերակացս ո՞ւմ թագաւորեմ։

Ողբում էր Արտավազդը հոր՝ Արտաշեսի վրա: Դե հո չգիտեր, որ «զերկիրն ամենայնը» մենակ հոր հարճերն ու ծառաները չէին, որ հոժարակամ, ինչպես Խորենացին է վկայում, տեղ-տեղ՝ զոռովի, ինչպես սիրտս է վկայում, ինքնասպան էին լինում թագավորի թանկագին խաթեր համար: Արտավազդի համար «զերկիրն ամենայն» էդ էր, հոր շուրջն եղածը, դրա համար էլ բողոքում էր:

Բայց դե մեռած թագավորը էնքան էլ դեմ չէր, որ «զերկիրն ամենայն» իր հետ թաղվեր, թագավորները տենց բան են, իրենցից հետո՝ թեկուզ ջրհեղեղ: Ու Արտաշեսը անիծում է տրտնջացող որդուն՝ արքայազնին, ասում է՝ երբ դու ձի հեծնես, գնաս ընտրությունների, հանրապետական քաջքերը քեզ բռնեն-տանեն և այլն, և այլն:

Մի քանի տարի առաջ ֆրանսահայ գրող Գրիգոր Պլտյանի հետ արածս հարցազրույցում (http://www.prm.am/?p=2045 ) նա խոսում էր էս առասպելի մասին՝ որպես մեզանում սերունդների փոխհարաբերությունը հատկանշող վկայություն: Ասում էր. «Երբ Արտավազդը ըմբոստանում է հոր դեմ, հայրը դագաղից դուրս է գալիս ու նզովում է որդուն, այսինքն' դատապարտում է, չի ուզում, որ սերունդ ունենա: Քանի որ հայրը պիտի ինքը ետ քաշվի, որպեսզի որդին առաջանա: Մեր առասպելաբանության համաձայն' հայրը չի ուզում անհետանալ, ուրեմն, որդին դատապարտվում է Մասիսի անդունդին: Այս մեծությունը չունեն, բայց սա նաև հոգեբանական խնդիր է, հայրը, երեցը չի ընդունում, որ ինքը անցյալ էտապ է»:

Պլտյանը խոսում էր գրողների մասին, բայց մեր գրական աշխարհն ավելի խելացի է, քան քաղաքականը, դրա համար էլ հիմա երիտասարդ ու հաջողակ գրողներ կան, իսկ քաղաքականություն մտնել ուզող երիտասարդ գործիչներն անեծքի են արժանանում: Ու անիծողները ոչ թե հանրապետական քաջքերն են, այլ «թագավորի հարճերն ու ծառաները», որոնք հոժարակամ ուզում են մեռնել «թագավորի» հետ, ու իրենց համար էլ «զերկիրն ամենայն» իրենք են, որ կան:
Բայց դե անզեն աչքով էլ տեսանելի է, որ «զերկիրն ամենայն» էսօր բնավ չի մեռնում, հակառակը՝ զբաղված է մի բանով, որ վկայում է ապրելու ախորժակի մասին՝ նոր տարվա պատրաստություն է տեսնում: Ուրեմն, թող մեռնեն հատկապես խոզերը, որոնց բդերն այնքան ցանկալի են մեր սեղաններին, ո՞վ է մեղավոր, թող էդքան համով չլինեին:

Շնորհավոր նոր տարի, իմ բկլիկ հա՛յ ժողովուրդ: