«Երեւի ժամանակն է, որ Հայաստանում էլ խմբագրությունները մշակեն սոցիալական մեդիայի սեփական ուղեցույցները»

Արմեն Դուլյանը այս տարվա ընթացքում արդեն երկրորդ լրագրողն է, որին զրկում ենաշխատանքից ֆեյսբուքյան գրառման համար: Առաջինը «Հայոց Աշխարհ»-ի լրագրող Կիմա Եղիազարյանն էր:

Երկու դեպքում էլ գործատուները բացահայտ կամ անուղղակիորեն ասում էին, թե իրենց աշխատակցի պահվածքը սոցիալական մեդիայում հակասել է խմբագրության քաղաքականությանը:

«Չի կարելի օրվա մի կեսը գրել ըստ թերթի ուղղվածության, մյուս կեսը' սոցցանցերում' դրա հակառակը»,- այսպես էր մեկնաբանում Կիմա Եղիազարյանին աշխատանքից հեռացնելը «Հայոց Աշխարհ»-ի խմբագիր Գագիկ Մկրտչյանը:

«Սոցիալական ցանցում հայկական հեռուստատեսությունների պատասխանատուների հասցեին վիրավորական արտահայտություններն ու դրան հաջորդող ցինիկ, փողոցային լուտանքների հետ հրապարակավ համաձայնելը Դուլյանի հետ գործընկերային հարաբերությունները շարունակելու դաշտ չեն թողնում»,- նշված էր «Շանթ»-ի հայտարարության տեքստում:

Իսկ ո՞վ է սահմանում լրագրողի պահվածքը սոցիալական մեդիայում: Կա՞ն նման ուղեցույցներ: Դուլյանին կամ Եղիազարյանին աշխատանքի ընդունելիս նրանց հետ համաձայնեցրե՞լ են սոցիալական մեդիայում շփման կանոնները: Գրավոր կամ բանավոր: Հայաստանում կա՞ ընկերություն, որ սահմանում է այդ կանոնները:

Հարցադրումն, ի դեպ, տեղին է ոչ միայն լրատվամիջոցների համար: Պետական հիմնարկները, բանկերը, ուսումնական հաստատությունները ունե՞ն սոցիալական մեդիա քաղաքականության ուղեցույցներ: Ուսուցիչը կամ բնապահպանության նախարարության աշխատակիցը գիտի՞, թե ինչ տիպի տեղեկատվությամբ կարող է կիսվել Ֆեյսբուքում, ինչ նկարներ հրապարակել կամ ինչ կարծիքներ հայտնել: Կարծում եմ՝ հարցադրման պատասխանը բացասական է: Չնչին բացառություններով, իհարկե:

Լրատվական մեծ կորպորացիաներն ունեն իրենց սոցիալական մեդիայի ուղեցույցները, եւ դրանք պարբերաբար թարմացվում, հարմարեցվում են ժամանակի պահանջներին:

Օրինակ՝ Washington Post-ի սոցիալական մեդիայի ուղեցույցի համաձայն՝ լրագրողները թե՛ մասնագիտական, թե՛ անձնական նպատակներով Facebook, Twitter, LinkedIn եւ այլ սոցիալական ցանցեր օգտագործելիս պետք է պաշտպանեն իրենց մասնագիտական ամբողջությունը եւ հիշեն, որ իրենց վարած սոցիալական մեդիա հաշիվները ազդում են Washington Post-ի խմբագրության հեղինակության եւ արժանահավատության վրա:

Bloomberg-ի սոցիալական մեդիայի ուղեցույցի համաձայն՝ լրագրողները չպետք է սոցիալական ցանցերն օգտագործեն՝ քաղաքական կարծիքներ արտահայտելու կամ կոնկրետ խնդրի կամ օրակարգի անունից հանդես գալու համար:

Reuters-ի սոցիալական մեդիա քաղաքականության համաձայն՝ լրագրողները պետք է սոցիալական մեդիայում երկու առանձին հաշիվ ունենան:

«Եթե դուք օգտագործում եք սոցիալական ցանցերը մասնագիտական եւ անձնական նպատակներով, ապա ունեցեք երկու առանձին հաշիվ: Օնլայն աշխարհում անձնականն ու մասնագիտականը գնալով ավելի են միահյուսվում, բայց դուք պետք է պահպանեք ձեր մասնագիտական դեմքը, պարզ ասած՝ դուք պետք է որոշակի չափանիշներ կիրառեք սոցիալական մեդիան մասնագիտորեն օգտագործելու ժամանակ, որոնք կտարբերվեն ձեր անհատական հաշիվը օգտագործելուց»,- գրված է Reuters-ի սոցիալական մեդիայի ուղեցույցում:

Երեւի ժամանակն է, որ Հայաստանում էլ խմբագրությունները մշակեն սոցիալական մեդիայի սեփական ուղեցույցները: Երբ լրագրողների համար պարզ լինի իրենց խմբագրության, պայմանականորեն ասած՝ Ֆեյսբուքում աշխատելու քաղաքականությունը, նրանք ավելի պաշտպանված կլինեն: Լրագրողը տեղյակ կլինի խաղի կանոններին եւ կիմանա, թե իր որ գործողության համար կարող է աշխատանքից ազատված լինելու մասին հեռախոսազանգ ստանալ:

Մյուս կողմից էլ՝ գործատուները չեն կարողանա անհարկի շահարկել ուղեցույցը եւ անհիմն պատժել լրագրողին: Պարզ է, չէ՞, որ սոցիալական մեդիայի նմանատիպ ուղեցույցները պետք է հանրային լինեն՝ լրատվամիջոցների կայքերում հրապարակված:

Իհարկե, նմանատիպ ուղեցույցներ կազմելու ընթացքում գլխավոր սկզբունքը, որ հարկավոր է պահպանել, հետեւյալն է՝ մարդու արտահայտվելու ազատության հիմնարար իրավունքը չպետք է սահմանափակվի:

Գեղամ Վարդանյան

Սկզբնաղբյուրն` այստեղ